Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրակը դադարել է, բայց բանակցություններ չկան»

Քաղաքականություն
davit-babayan-1

Ինչպես հայտնի է՝ այսօր ժամը 12.00-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակը երկկողմանի դադարեցվել է։ «Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Իսկ բանակցությունների վերսկսման մասին խոսակցություններ դեռ չկան։ Մեր զինվորները մարտական գործողությունների ժամանակ պատահել են թուրքախոսների, արաբախոսների. «Այսինքն, հիմքեր կան պնդելու, որ այդտեղ կան վարձկաններ՝ բավականին մեծ քանակությամբ։ Մեր զինծառայողները լսել են նրանց խոսքը։ Այստեղ կան մի շարք այլ հանգամանքներ. Ադրբեջանից մոտ 1000 կամավոր է մեկնել Սիրիա, Իրաք՝ Իսլամական պետության շարքերում պատերազմելու։ Նրանց պատկառելի մասը Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողներ են եղել։ Եվ բնական է, այդ կապերը կա, և խողովակներ գործում են Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան, և գալիս են այդ մարդիկ։ Ավելին, կան որոշ տվյալներ, ըստ որոնց՝ վարձկանները և ահաբեկիչները զբաղվում էին նաև մասսայական թալանով ադրբեջանական այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը լքել է տարածքները՝ Արցախի հետ սահմանամերձ շրջաններում»։ Այսօր ՌԴ վարչապետը գալու է Հայաստան։ Հարցին, թե արդյո՞ք ինչ-որ կապ սրանում կա՝ կրակի դադարեցման համատեքստում, պարոն Բաբայանն արձագանքեց. «Ես չեմ կարող որևէ կապ ներկայացնել, բայց այն, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, սա փաստ է։ Բացի դրանից, և Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները, և ԱՄՆ պետքարտուղարն ու փոխնախագահը հրապարակայնորեն ասել են իրենց պետության դիրքորոշումը՝ նշելով, որ հակամարտության կարգավորման զինված տարբերակը պարզապես անընդունելի է»։ Պարոն Բաբայանը վստահեցրեց, որ չնայած կրակի դադարեցմանը, ԼՂՀ ՊԲ-ն շարունակում է զգոն մնալ։