Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնացեք ձեր տները նստեք, մինչև խորհրդակցենք» (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-bnakichner-2

Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի հետ հանդիպելու համար: Նախորդ հինգշաբթի կառավարության դիմում-նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր  Ղազարյանն էր նրանց ասել, որ այսօր  վարչապետը  բնակիչներից մի քանիսին ընդունելու է: Տևական ժամանակ սպասելուց հետո կառավարության ներկայացուցիչներից և ոչ մեկն այդպես էլ նրանց հետ չհանդիպեց:  Ալեքսանդր  Ղազարյանը  բնակիչների հետ միայն հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ հանդիպում չի լինելու: «Արդեն 5-րդ ամիս է, որ գալիս ենք, խնդրում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, մեր հարցերին պատասխան տա, բայց ոչ ընդունում է, ոչ էլ լսում: Մենք այսօր հայտնվել ենք սարսափելի  վիճակի մեջ՝ չգիտենք էլ արդեն ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք: Ալեքսանդր Ղազարյանն էլ մեզ նորից նույն բանն է ասում,  ինչ նախորդ անգամ, թե վարչապետը դեռ ոչինչ  չի պատասխանել, դեռ պետք է խորհրդակցություններ լինեն, ձեր հարցին պետք է լուծում տանք, դրանից հետո նոր ձեզ պատասխան կտանք, գնացեք ձեր տները նստեք մինչև այդ խորհրդակցությունը լինի, նոր ձեզ կտեղեկացնենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում  իր և Ալեքսանդր Ղազարյանի հեռախոսազրույցի մանրամասները փոխանցեց  բնակիչներից Ալլա Համբարձումյանը: Diana- nkar bnakichner Բնակիչներն էլ վրդովված հավելեցին. «Այսինքն այս 8-10 տարվա մեջ չէին կարողանում խորհրդակցել, մի հատ հարց լուծեին, որ մենք հիմա ամիսներով գնում-գալիս ենք ու ոչ մի հարց չեն լուծում: Մեզ բանի տեղ դնող չկա, ինչքան գալիս ենք այստեղ մի հատ նորմալ պատասխան չենք լսում, ինչ խոսք են տալիս, սաղ սուտ է դուրս գալիս , ոչ մի բան չի փոխվում: Եթե մեզ նորմալ պատասխան չեն տալիս, բոլոր  բնակիչներով՝  հազար հոգուց ավել ենք, բոլորս լցվելու ենք այստեղ»: Բնակիչները հինգշաբթի օրը կրկին  հավաքվելու են կառավարության դիմաց: