Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու խաղալիքների խանութը չի ընդունել իրանցիներին (տեսանյութ)

Հասարակություն
iranciner

Հայաստանը պետք է բարձրացնի  զբոսաշրջիկների սպասարկման որակը՝ համոզված են իրանցիները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրքիդե Աբդին նշեց, որ վաճառողների մեծ մասը անգլերեն չգիտի, բացի այդ, շատ հաճախ ապրանքների վրա փակցված գները ճիշտ չեն լինում եւ դրամարկղում պարզվում է, որ գինը մի քանի անգամ ավել է: Պարսկաստանում բիզնեսով զբաղվող Օրքիդե Աբդին Հայաստանի մասին շատ էր լսել, ցանկանում էր  գալ, սակայն հաջորդ տարի կնախընտրի գնալ այլ երկիր: Նա նշում է` Հայաստանն անվտանգ երկիր է, սակայն ցամաքային ճանապարհով անցնելու դեպքում խնդիրներ են առաջանում: Օրքիդե Աբդին ընտանիքի եւս 7 անդամներ ստիպված են եղել 4 ժամ մնալ անցակետում: «Հիմա եթե 10.000 տուրիստ  միանգամից մտել է սահման, բնականաբար մենք պետք է կարողանանք նրանց դիմավորենք:  Պետք է մաքսատան աշխատողները արձակուրդ չգնան, որ կարողանանք սպասարկել նրանց: Եթե 10.000 տուրիստ գա եւ յուրաքանչյուրը մոտ 1000 դոլար այստեղ ծախսի, սա լինում է 10 մլն դոլար»,- ասաց Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը: Նա անդրադարձավ նաեւ հայտնի խաղալիքների խանութից պարսիկներին հեռացնելուն՝ նշելով, որ պատրաստ չենք այդքան զբոսաշրջիկ ընդունելուն: «Մենք մի խաղալիքի խանութ ունենք, երկու հոգի աշխատող:  Պարսկական ավտոբուսը գնում, կայանում է, միանգամից 30 հոգի միջից իջնում են, մտածում են, նայեն գնեն, այդ երկու աղջիկը ո՞նց սպասարկեն:  Այդպիսի հարցեր կարող են պատահել, որովհետեւ մենք պատրաստ չենք»,- ասաց Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիրը:  Տիգրան Դավուդյանի խոսքերով ՝   մոլերը շատ  հարմար են, որովհետեւ, տարբեր խանութներ կան,  զբոսաշրջիկները  բաժանվում են եւ տարբեր տեղեր են գնում: