Ջրամատակարարման 1 միասնական եվրոպացի օպերատոր կունենանք (տեսանյութ)
2017 թվականից Հայաստանում նախատեսվում է ստեղծել խմելու ջրի մատակարարման մեկ միասնական օպերատոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։ Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ խմելու ջրի մատակարարումը ՀՀ-ում իրականացվում է հինգ ընկերությունների կողմից։ Մշակված նոր ռազմավարությունը, սակայն, թույլ կտա ավելի հեշտ վերահսկել ոլորտը. «Մատակարարող ընկերությունները պետք է միավորվեն մեկ միասնական օպերատորի շուրջ, որը 15 տարի ժամկետով վարձակալելու է Հայաստանում գտնվող ջրամատակարարման համակարգերը»,-ասաց Նարիմանյանը՝ հավելելով, որ նոր համակարգը թույլ կտա միասնական սակագին սահմանել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի համար, ինչպես նաեւ համակարգում ներառել մինչ այժմ չսպասարկվող բնակավայրերը։ «Այսօրվա դրությամբ ՀՀ-ում շուրջ 600 բնակավայր ընդգրկված չէ կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում, եւ նոր օպերատորով կամաց-կամաց դրանք ընդգրկելու ենք»,-նշեց նա։ Ի դեպ, մրցույթն արդեն հայտարարված է։ Վոլոդյա Նարիմանյանի խոսքով՝ նախաորակավորմանը մասնակցել է չորս ընկերություն՝ ֆրանսիական «Վիոլան» եւ «Սաուռը», իտալական «Աչորան» եւ գերմանական մեկ կազմակերպություն։