Վտանգված են Զանգեզուրի լոբին ու Մեղրու միրգը. ահազանգ (տեսանյութ)
Բնապահպան Սիլվա Ադամյանը երեկ հաղորդագրություն է ստացել, որում ասված է, որ Թեղուտի հանքի պոչամբարը պահող դամբան մասնակի քանդվել է և պոչանքի արտանետումները գետն են լցվում։ «Շնող գյուղի բնակիչներն օգտվում են այդ գետից, այնտեղ անասուն է արածում, գյուղատնտեսական կոլտուրաներ են աճեցվում։ Սա լուրջ խնդիր է»,-շեշտեց նա։ Այս պարագայում, բնապահպանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը վնասում է շրջակա միջավայրը, ինչն անմիջական ազդեցություն է ունենում բնակչության առողջության վրա. «Այսօր շուկայում ներկայացվում է Զանգեզուրի լոբիների տեսականին, որը Հայաստանում ամենալավն է, կամ Մեղրու միրգը։ Բայց եթե անդրադառնանք, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջաններում, կտեսնենք՝ ինչ վատ վիճակ է, և այդ ամենն օգտակար չի կարող լինել»։ Ջրային ռեսուրսների հետ կապված լուրջ խնդիրները միայն հանքարդյունաբերողների պատճառով չեն. «Ամբողջ աղբը ժողովուրդը նետում է գետերը»,-նշեց բնապահպանը։ Ներկայումս 14 գետավազան ունենք։ Անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքով՝ դրանց 70 տոկոսը բարվոք, սակայն մնացածն աղետալի վիճակում են գտնվում։ «Եթե գետերի հուները փոխում ենք, պատեր ենք շարում, ռեստորաններ և այլ տիպի օբյեկտներ ենք սարքում, դա նույնպես էկոլոգիական համակարգի խաթարման ձև է։ Ցավոք, այդ ընկալումը չկա, մեզ թվում է՝ ոչ մի վատ բան չկա։ Ռեստորանի մի մասը բերել, Դեբեդ գետի վրա են սարքել»,-շեշտեց նա։ Սրա հետևանքով արդեն որպես գետ դադարում են գոյություն ունենալ։ «Մենք չունենք Ախթալա գետ, մենք ունենք Ախթալայի կոմբինատի պոչանքները տանող ինչ-որ ծորակ, հոսք։ Նույնը Ճոճկանի հետ է կատարվում, Շնողն է սկսվել»,-շեշտեց պարոն Մինասյանը։ Փորձագետը նաև ընդգծեց, որ եթե հանքարդյունաբերության դեպքում սեփականատերերի անպատասխանատու վերաբերմունքի հետ գործ ունենք, ապա կենցաղային աղբի դեպքում ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ մասնավոր ձեռնարկատերերը։ «Բնակչությունն ինչ կա, չկա, լցնում է գետը։ Հրազդան, Ախուրյան, Դեբեդ, Գորիս, Ողջի, Գավառա-այս բոլոր գետերը գտնվում են խայտառակ աղտոտված վիճակում»։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մարդկանց գիտակցությունը բարձրացնել, ինչպես նաև պետության կողմից միջոցների տրամադրում՝ մաքրման կայաններ տեղադրելու համար։