Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները հրաժարվում են վճարել տուգանքները (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-taxiner

Այսօր մի խումբ անհատ տաքսու վարորդներ Սմբատ Զորավար 11/1 հասցեում պիկետ էին կազմակերպել՝ պահանջելով վերանայել լիցենզավորման կարգը, տույժ-տուգանքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև քաղաքի տարբեր հատվածներում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներ տրամադրել: «Տուգանքների քանակը չափից դուրս շատ է, որտեղ կանգնում ես, անմիջապես տուգանվում ես, կայանատեղիներ էլ չկան՝ 50 կամ 100 կայանատեղին շատ քիչ է: Մեկ պատվիրատուին հասնում է մոտավոր 5-6 տաքսի, իսկ որպեսզի մեկ պատվիրատու որսաս, ստիպված պետք է մոտենաս կանգառներին, որտեղ մարդկային կուտակումներ կան: Առաջին հերթին պահանջում ենք, որպեսզի կայանատեղիներ լինեն մեզ համար՝ կանգառի սկզբում և վերջում, բանուկ հատվածներում: Հասկանում ենք, որ դա գուցեև խախտում է երթևեկության կանոնները, բայց մարդկանց նման սոցիալական կացության դեպքում համապատասխան մարմիններն այդ քայլին պետք է գնան»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց անհատ տաքսու վարորդ Աշոտ Վերմիշյանը: Վերջինիս խոսքերով՝ հնարավոր է կազմակերպել այնպես, որպեսզի յուրաքանչյուր կանգառի մոտ գոնե 2-3 տաքսու համար նախատեսված վայր լինի: «Միլիոն անգամ սխալ տեղ կանգնելու պատճառով պատժում են, էս պետության մեջ գործում է միայն պատիժների ու չի կարելիի օրենքը , բայց եթե ապրելու ուրիշ տարբերակ չունենք, միևնույնն է նորից այդ խախտումներն անում ենք»,-ասաց նա: «Տրանսպորտի տեսչության պատշգամբից նկարում են տաքսու նշանը և համակարգչով նայում են, եթե չունի լիցենզիա, ապա 50.000 տուգանում են կամ մտնում են մարդկանց բակերը, որտեղ տաքսի կա կանգնած , նկարում են գաղտնի, տանում են , հետո տուգանում են, որը որ իրավունք չունեն»,-շեշտում են վարորդները: «Մեկ ամիս առաջ մեքենաս շենքի բակում փչացած կանգնած է եղել, ընդհանրապես չեմ քշել, բայց նշանը վրան դրված է եղել: Եկել են մուտքի մոտ, ավտոս նկարել են ու 50 հազար տուգանք են նամակով ուղարկել , բայց ես այդ փողը չեմ մուծելու, չունեմ: Սա արդեն երկրորդ դեպքն է, այն անգամ էլ 100 հազար են տուգանել: Ես գուբերնատո՞ր եմ, ի՞նչ եմ, որ տանեմ իրանց անիմաստ էդքան փողեր տամ, չկա նման բան»,- պատմեց մեկ այլ վարորդ Լևոն Եղոյանը: Տրանսպորտի և կապի նախարարությունից այսօր որևէ մեկը չներկայացավ վարորդների հետ հանդիպմանը, թեև վարորդների պնադմամբ՝ նախապես այդպես են խոստացել:   Վերջիններս տեղեկացրին, որ վաղը պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել   կառավարության շենքի մոտ: