Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները 40 հայկական կայք են կոտրել

Քաղաքականություն
ատտակ

Ադրբեջանցիներն այս պահի դրությամբ կոտրել են մոտ 40 հայկական կայք: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Գերատեսչությունների կայքեր չկան դրանց թվում: Ոչ այնքան կարևոր նշանակություն ունեցող կայքեր են, օրինակ aparan.am, որի մասին գուցե շատերը լսած էլ չլինեն»,-ասաց նա: Այսօր Ադրբեջանի կողմից հայկական կայքերի վրա գրոհելու պատճառը Խոջալուի դեպքերի օրը նշելն է այդ երկրում: Խոջալուն որպես հակահայկական քարոզչության թեմա մշտապես շահարկման առիթ է Ադրբեջանում և ամեն տարի այս օրը նրանք հարձակվում են հայաստանյան կայքերի վրա: Ըստ փորձագետի՝ յուրաքանչյուր երկրի կիբեր տարածքում կան կայքեր, որոնք կարող է անգամ դպրոցականը կոտրել: «Դա նրանից է, որ տվյալ կայքի ընդհանուր համակարգը չի թարմացվում»,-շեշտեց նա: Սակայն սա չի նշանակում, թե Ադրբեջանում լուրջ հաքերներ չկան. «Վերջին տարիների ընթացքում մի քանի լուրջ հարձակում եղել է հայկական կայքերի վրա: Հիշենք նաև, որ երբ իրավիճակը սահմանին սրվել էր, հայկական կայքերում տեղադրվել էին կեղծ տեղեկություններ այն մասին, որ հայկական կողմը շատ կորուստներ ունի: Հետո ադրբեջանցիներն իրենց կայքերում տեղադրեցին նման տեղեկություններ՝ հղում անելով հայկական կայքերին»: Պարոն Մարտիրոսյանն ընդգծեց, որ սա զուտ քարոզչական բնույթի խնդիր է, սակայն մեր երկրում նույնպես կան լուրջ հաքերներ: