Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստվարաթղթե տանկը դարձել է մեղադրանքի հիմք (տեսանյութ)

Հասարակություն
artak-gevorgyan

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի դարպասներին հարվածելու   գործը կուղարկվի դատարան: Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ «Ըստ ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ ես անպատժելիության մթնոլորտ եմ ստեղծել եւ հասարակական կարգն եմ կոպիտ խախտել, իսկ ԱԱԾ աշխատակիցների մոտ վախի մթնոլորտ եմ առաջացրել»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Գեւորգյանը: «Հակահարված» արտ խմբի անդամը մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:   Արտակ Գեւորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։ «Ուզում էի քաղաքականացնել ակցիան, ԿԸՀ գնացի, հետո որոշեցի գնալ ՍԴ, Բաղրամյան 26, հետո ինչ-որ մի տեղ, հետո որոշեցի վերացնեմ այդ տանկը եւ վերացրեցի ԱԱԾ վարչական շենքի վրա»,- հիշում է Արտակ Գեւորգյանը: «Հակահարված» արտ խմբի անդամին չի անհանգստացնում իրեն մեղադրանք առաջադրելը: «Իշխանության ձեռագիրը մեզ պարզ է, բայց պետք է լուրջ չվերաբերվել դրան, մեկ է, ոչ մի բան չի խանգարում, որ ես իմ գործունեությունը ծավալեմ: Աբսուրդ էր տանկի համար, բայց նորմալ է, որ իշխանությունը լուրջ է ընկալում»,- նշեց նա: Եթե խուլիգանության մեղադրանքը հաստատվի, Արտակը կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս, կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: