Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձվեր նետեցին դատարանի շենքի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
dat1

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը կմնա կալանավայրում: Մոտ 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավոր Գայանե Մազմանյանը մերժեց Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Մոտ երեք էջ փաստարկներ է նշել նախագահը, չգիտեմ ինչ հիմքով, վաղը կարող եմ պատասխանել: Քննիչը ուղղակի գտնում էր, որ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելով դա կխոչընդոտի քննությանը, կազդի վկաների վրա»,- նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Գեւորգ Սաֆարյանը անազատության մեջ է դեկտեմբերի 31-ից՝ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։   40 օրից ավել է Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է, սակայն մինչեւ հիմա որեւէ քննություն չի կատարվել այս գործով։ «Քննիչի հետ պայմանավորվել ենք, որ վաղվանից քննչական գործողություններ պետք է կատարվեն: Հավանաբար առերեսումներ պետք է լինիեն, որովհետեւ պետք է գնանք մեկուսարան»,-ասաց փաստաբանը: Գեւորգին ազատ չարձակելու որոշումը բարկացրել էր հավաքված քաղաքացիներին, թեեւ նրանց համար անպասելի չէր դատարանի նման որոշումը: «Հերթական անգամ բռնաբարվում է ՀՀ քաղաքացու իրավունքը: Ես անձնապես այն կարծիքին եմ, որ Գեւորգ Սաֆարյանին երկար ժամանակ չեն կարող այս կարգավիճակում պահել. նրանք մեկ օր ուշ փորձում են վրեժխնդիր լինել»,- հայտարարեց «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ խնդիրների լուծման բանալին ժողովրդի ձեռքում է: «Այն սին խոստումները, որ Սերժ Սարգսյանը տվեց՝ ժողովուրդ համբերեք, որ հեղափոխությունը ինքն է անելու, բոլորը տեսան, որ դա միայն ծաղրի առարկա է»,- նկատեց պարոն Սեֆիլյանը: Այնուհետեւ, ակցիայի մասնակիցները շարժվեցին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ՝ Գեւորգին ազատ արձակելու պահանջը այնտեղ բարձրաձայնելու համար: daa