Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե հայցը բավարարվի, ակտիվիստը պետք է վճարի 50000 դրամ տուգանք (տեսանյութ)

Հասարակություն
ernest-avanesov

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Էռնեստ Ավանեսովը զարմացած է, թե ինչպես կարող է դատարանը վարույթ ընդունել ոստիկանության հայցն ընդդեմ իրեն: «Ինձ համար ուղղակի ամոթալի է այդպիսի գործը ընդունելը վարույթ, էլ չասեմ լուրջ դեմքով դատական նիստ վարելը»,- ասաց Էռնեստ Ավանեսովը: Նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու գործն այսօր լսվում էր Վարչական դատարանում:   Պատասխանող կողմը հակընդդեմ հայց ներկայացրեց՝ Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանների գործողությունները   ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ սեպտեմբերի 11-ին փորձել էին հասնել Նախագահական նստավայր, բայց չէր հաջողվել։ «Եթե դու ընտրվել ես եւ ժողովրդի մեջից ես դուրս եկել, պարտավոր ես գոնե լսել ժողովրդի ասածը: Կոնկրետ պետք է հասնեի այնտեղ եւ իմ խոսքը բարձրաձայնեի, եթե խոսքից վախենում են մարդիկ, թող ինձ հուշեն այլ ճանապարհով ասենք»,-ասում է նա: Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը նշում է՝ թեեւ հավաքն իրազեկված է եղել, սակայն մասնակիցները շեղվել են երթուղուց: «Պահանջ է ներկայացվել, որ երթի մասնակիցները չշեղվեն երթուղուց, վարչական ձերբակալում է իրականացվել»: «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանն իր աչքով է տեսել, թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում: «Տեսել եմ՝ ոնց են մարդկանց մայթերից գողանում, ովքեր հանգիստ կանգնած էին: Շատ լկտի պահվածք էր ոստիկանության կողմից, կոնկրետ հրաման էին տալիս, թաքուն գալիս, մայթերից փախցնում էին» : Եթե դատարանը բավարարի հայցը, էռնեստ Ավանեսովը պետք է վճարի 50000 դրամ տուգանք։ «Մի քանի անգամ դիմել են մեր ակցիայի մասնակիցները, որ մենք դա կհավաքենք կտանք, խնդիրը գումարը չէ, խնդիրը սկզբունքային է: Ես համոզված եմ, որ կոնկրետ մարդկանց ձերբակալելու հրաման ունեին նրանք այդ օրը, մի քանի հոգի ինձանից առաջ կանգնած էին, ինչի եկան ու ինձ տարան»,- նշում է Էռնեստ Ավանեսովը: Ի դեպ, Էռնեստ Ավանեսովին բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայի մայթից:   Գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 18-ին: