Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանցիները նյարդայնանում են, ներսում իրավիճակը վատ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan

«Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, տնտեսական կոլապս է»,- այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում նավթի գների կտրուկ անկմանը, հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն ազդում է Ադրբեջանի քաղաքականության եւ, առաջին հերթին, արտաքին քաղաքականության վրա: «Վաշինգթոնում նստած՝ մարդիկ կարող են կարծել, որ Ադրբեջանը հարուստ, նավթային երկիր է եւ կենտրոնանալ միայն Բաքվի վրա, որտեղ ամեն ինչ փայլում է եւ որտեղ պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, բայց այնտեղ վիճակը ծանր է: Չափազանց մեծ է հարուստների եւ աղքատների եկամուտների տարբերությունը»,-նշեց նա: Քաղաքագետի խոսքով՝ այս ամենը չի կարող վտանգ չներկայացնել գործող իշխանության համար, բայց այնքան չէ, որ իշխանափոխություն կամ լուրջ փոփոխություններ տեղի ունենան: Պատասխանելով «Ա1+»-ի թղթակցի հարցին, թե Ադրբեջանում ստեղծված իրավիճակը կարո՞ղ է եւ ի՞նչ կերպ կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերութունների վրա, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Արդեն անդրադառնում է: Սահմանին կրակոցների ուժեղացումը, սպառազինությունների փոփոխությունը...Եթե նախկինում դիպուկահարներ էին, ապա հիմա՝ ականանետեր: Այս ամենը հետեւանք է Ադրբեջանում ստեղծված իրավիճակի: Ադրբեջանցիները նյարդայնանում են, ներսում իրավիճակը վատ է: Հայաստանը եւ հայկական հարցը լավ գործիք է իշխանությունը պահպանելու համար»: