Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդի փորձագետը «Երևան սիթի»-ում սպիտակած երշիկ է հայտնաբերել (տեսանյութ)

Հասարակություն
Mterq-nkar

Տոնական օրերին խանութներում այնպիսի իրարանցում չկար, ինչպես նախորդ տարիներին: Այս մասին այսօր ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Պատճառն այն է, որ տնտեսական խնդիրներ կան երկրում, մարդկանց գնողունակությունն ընկել է, արտագաղթն է ազդել: Միայն խոշոր խանութներում էր զգացվում շարժը, մնացած փոքր խանութներում դա չկար»,-նշեց նա: Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը ևս մեկ անգամ հիշեցնում է սպառողին՝ ապրանքը գնելուց առաջ նայել ժամկետը, հայերեն մակնշումը: «Բացի այդ, արդեն կտրատված ու փաթեթավորված սնունդ գնելուց խուսափեք: Օրինակ երշիկի դեպքում երբ կտրատված է վաճառվում, դժվար է որոշել՝ երբ է արտադրված: Խորհուրդ կտամ գնել ամբողջական վիճակում»,-շեշտեց պարոն Չիլինգարյանը: Նա անձամբ օրեր առաջ ժամկետն անց երշիկ է հայտնաբերել խանութներից մեկում. «Երշիկը սպիտակած էր, ես ասացի մենեջերին այդ մասին, անմիջապես դա հանվեց վաճառքից»: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ո՞ր խանութում է դա եղել և արդյո՞ք պատկան մարմիններին հայտնել է գործիչն այդ մասին, պարոն Չիլինգարյանն ասաց. «Երևան սիթի»-ում էր դա: Մի երշիկ էր, մեծ քանակությամբ չէր, դրա համար էլ չեմ տեղեկացրել որևէ մեկին, աշխատակիցը դա հանեց վաճառքից»: Իսկ ի՞նչ վիճակ է մարզերում. «Մարզերում վիճակն ավելի վատ է, քանի որ վերահսկողությունն ավելի քիչ է: Բայց տոնական օրերին չկարողացանք մարզեր գնալ և տեսնել իրավիճակն այս պահին, քանի որ անգամ մայրաքաղաքում դժվար էր տեղաշարժվել՝ ճանապարհների հետ կապված»: Իսկ այն, որ ամբողջ աշխարհում նավթի գների անկում կա, սակայն մեր երկրում բենզինի գինը չի իջնում, պարոն Չիլինգարյանը մի հանգամանքով է բացատրում. «Դա մենաշնորհի խնդիր է: Մի ներկրող կա, եթե մի քանիսը լինեին, այդպես չէր լինի»: