Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«8-րդ օրն է՝Հայաստանում հերթապահ դատախազ գոյություն չունի». փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ռօբ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի 9 անդամներն իրավապահներից  պահանջում են պատժել Ամանորին իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:  Բայց փաստաբան Տիգրան Հայրապետյանն 8 օր է՝ չի կարողանում հանցագործության մասին հաղորդումը ներկայացնել գլխավոր դատախազություն: «Երկար ժամանակ չէին բացում դուռը, երկար ծեծել-ջարդելուց հետո մոտեցավ հերթապահը, ասեց մենք իրավասու չենք փաստաթուղթ վերցնել, ասեցի փոխանցեք հերթապահ դատախազին, ասեց հերթապահ դատախազ չկա, Հայաստանի Հանրապետությունում արդեն ութերորդ օրն է՝ հերթապահ դատախազ գոյություն չունի»,- ասում է փաստաբան Հայրապետյանը: Ոստիկանության ներկայացուցչի՝ Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորվել է  «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը։ Նրա գաղափարակիցներն անհիմն են համարում մեղադրանքը՝  պնդելով իրենք էն  տուժողները։ Ոստիկանները դեկտեմբերի 31-ին թույլ չեն տվել եղեւնի տեղադրել Ազատության  հրապարակում։ «Նոր Հայաստանի» անդամ Սյուզան Սիմոնյանը հայտարարում է, որ ինքը եւս տուժել է ոստիկանների գործողություններից։ «Հարվածեցին ինձ ու գցեցին, ես պառկած էի գետնին՝ եղևնին ձեռքս, և մի խումբ տղամարդիկ ինձ վրա կողկորտելով իրար հետ կռվում էին, և հայհոյանքներ էին հնչեցնում այն մարդկանց հասցեին, որոնք իրենց չեն ենթարկվում»: Ի պաշտպանություն կալանավորված Գևորգ Սաֆարյանի՝ Նոր Հայաստանի անդամները բողոքի ակցիա էին իրականացրել Գեղամ Խաչատրյանի տան մոտ: Բերման էր ենթարկվել, այնուհետ ազատ արձակվել ակցիայի 5 մասնակից: Այդ ակցիային մասնակցած՝ Նոր Հայաստանի աջակից՝ 23-ամյա Սյուզի Գևորգյանը հունվարի 5-ին բռնության է ենթարկվել սեփական տան բակում: «Նկատեցի որ իմ հետևից երկու տղամարդ են գալիս, նրանք ինձ խփեցին, ես ընկա գետնին և հարվածներ հասցրեցին ոստքերով»,- պատմում է նա: Արդեն մեկ ամիս Հայաստանում մշտական բնակություն հաստատած ակտիվիստը երկրորդ անգամ է բռնության ենթարկվում:  «Մի՞թե իրենք չեն հասկանում, որ ծեծելով և բռնությունով չեն կարող մեզ հետ կանգնեցնել մեր պայքարից, որովհետև ես պայքարում եմ իմ հայրենքի համար»: Նրա երազանքը մեկն է՝ կառուցել ազատ և անկախ Հայաստան, որտեղ տեղ չի լինի անօրինականությանն և անպատժելիության համար: Ի դեպ, այսօր ևս ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի և Սյուզի Գևորգյանի՝ Նոր Հայաստանի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ էին՝ պահանջելով պատժել իրական մեղավորներին: