Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենզինի գինը չի իջնում մենաշնորհի պատճառով. ՀՅԴ պատգամավոր

Կարևոր լուրեր Տնտեսություն
benzin

ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Գագիկ Մինասյանի կարծիքով՝ մեր դրամին առայժմ ոչինչ չի սպառնում. «Այսօր ճնշումներ մեր դրամի վրա դեպի նվազեցում չկա»: Պարոն Մինասյանը տեղյակ է, որ օրերս Ամերիկայի ֆեդերալ ռեզերվային համակարգը թանկացրել է իր դոլարը, որի հետեւանքներն աշխարհի բոլոր արժույթները կզգան, մենք էլ հեռու չենք մնա այդ ազդեցությունից. «Բայց այդքան արագ այդ ազդեցությունը Հայաստան չի հասնի, եւ այնքան զգալի չի լինի, որքան, երբ այդ պրոցեսները կապված են նավթի հետ»: Մեր դրամն, ըստ պատգամավորի, դոլարի հարաբերությամբ արժե հենց այնքան, որքան այսօր արժե. «Շատ տնտեսագետներ, բավականին հարգված տնտեսագետներ, ամիսներ առաջ կանխատեսում էին, որ մեր դրամը պետք է արժեզրկվի 500 եւ ավելի, 560 նույնիսկ դրամ մեկ դոլարի համար: Իրողությունն այն է, ինչ-որ մենք այսօր տեսնում ենք: Եվ մոտ ապագայում, որովհետեւ մեծ հեռանկարի համար շատ դժվար է կանխատեսել, մոտ ապագայում ես չեմ տեսնում ազգային արժույթի կտրուկ վայրիվերում»: Մեր շուկան փոքր է, դոլար-դրամ հարաբերություններին միջամտելու դաշտը մեծ չէ, սակայն Կենտրոնական բանկը պետք է որոշ ազդեցություն ունենա դրամի կուրսի պահպանման վրա, որպեսզի արտարժույթի մեծ ծավալի գնումները չբերեն ֆինանսական ցնցումների. «Փոքր արժութային ծավալ ունեցող երկրները սովորաբար իրականացնում են քաղաքականություն, որը շոկերի վերացման քաղաքականություն է»: Մեր դրամի կայունությունը դաշնակցական ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով երաշխավորված չէ ոչ միայն արտաքին ազդակների պատճառով. «Այն, որ Հայաստանի տնտեսական ֆունդամենտը, տնտեսական զարգացումները չեն ապահովում լիարժեք կայունություն, բնականաբար ավելի խախուտ է մեր դրամը, քան թե այլ պայմաններում»: Դրամի առաջիկա տատանումները պարոն Մինասյանը չի բացառում, սակայն կտրուկ էժանացում, ինչպիսին տեղի ունեցավ նախորդ տարվա վերջին, չի սպասում. «Մյուս կողմից նկատի պետք է առնել, որ մեր արտահանումների եւ ներմուծումների շեշտակի անկումը դրամի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում: Կենտրոնական Բանկն այս պահին կարծում եմ ունի բավարար լծակներ, որպեսզի կտրուկ տատանումներ թույլ չտա, սակայն դա բավարար չէ, եթե մենք տնտեսության միջին ժամկետ կտրվածքով ենք նայում, որովհետեւ արտահանողները պետք է կանխատեսելի սպասումներ ունենան»: Ի դեպ, նավթի համաշխարհային գների անկման ֆոնին Հայաստանում բենզինի գնի չփոխվելը դաշնակցական պատգամավորը բացատրում է Հայաստանում բենզինի մենաշնորհով, ինչպես նաեւ՝ ծախսերը, որոնք չեն փոխվում, եւ հարկային համակարգը, որը նույնպես հնարավորություն չի տալիս ցածր գնով բենզինի դեպքում հարկի պակասեցում: