Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ (տեսանյութ)

Հասարակություն
eco

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջին անգամ համատեղ ուսումնասիրություն են կատարել փոքր ՀԷԿ-երի շահագործման խնդիրների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանը եւ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը ներկայացրեցին իրենց ուսումնասիրության արդյունքները: Ինգա Զարաֆյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի թիվը հասնում է 144-ի, որից ոչ բոլորն են հանձնված շահագործման։ Նա նշեց, որ ամենաշատ թվով փոքր ՀԷԿ-եր կան Սյունիքի մարզում, նաեւ առանձնացրեց Լոռու մարզը։ «Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ։ Ջուրը դուրս է գալիս մի ՀԷԿ-ից, գետ չի մտնում, միանգամից մտնում է մյուս փոքր ՀԷԿ-ի խողովակը, եւ այդպես շարունակ։ Նույն պատկերն է նաեւ Տանձուտ գետում։ Սա գետերի համար անընդունելի իրավիճակ է»,-ասաց Զարաֆյանը։ Սրան ի պատասխան՝ Աշոտ Ավալյանը նշեց. «Այնպես չէ, որ հնարավոր չէ առանց բնությանը վնաս պատճառելու փոքր ՀԷԿ-եր աշխատեցնել, պարզապես ՀԷԿ-երի մեծ մասը արտոնյալ պայմաններում զգալով, երբեմն կատարել են խախտումներ, որը հետագայում բերել է այս իրավիճակին»։ Փոքր ՀԷԿ-երի շահագործման վերաբերյալ ուսումնասիրությունը ներկայացվել է բնապահպանության նախարարին, ով դրական գնահատական է տվել դրան։ «Ուզում եմ հավաստիացնել, որ նախարարը պատրաստակամություն է ցուցաբերում հետագայում այս տեղեկատվությունը ամփոփելուց հետո ՀԷԿ-երի սեփականատերերի, գործադիր տնօրենների հետ հանդիպում կազմակերպել եւ յուրաքանչյուրի առաջ կոնկրետ խնդիրներ դնել»,-եզրափակեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։