Դատարանը վարույթ է ընդունել Պ. Հայրիկյանի պահանջը հանրաքվեի մասին (տեսանյութ)
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցածը հանրաքվե հասկացությունից շատ հեռու էր՝ սկսած գաղափարից, վերջացրած՝ արդյունքների նկարչությամբ. «Սա հակասահմանադրական գործողություն էր: Քաղաքական դաշտը մեզ թիկունք չկանգնեց, որպեսզի երկու ամիս առաջ կասեցնեինք այս գործընթացը: Հինգ օր առաջ միայն «Նոր Հայաստան» շարժումը համաձայնեց մեզ հետ, որ կասեցումը նույնպես պետք է մտներ պայքարի նպատակների մեջ»: ԱԻՄ առաջնորդը դիմել է դատարան՝ հանրաքվեի գործընթացն անօրինական դարձնելու պահանջով, եւ, ինչպես նա նշեց, երեկ վերաքննիչ դատարանը գործը վարույթ է ընդունել: Գործիչը կարծում է, որ այս իրավիճակում բոլոր հարցերը պետք է լուծել իրավական ճանապարհով. «Պոռոտախոսների բանակ ունենք, որոնք ասում են, թե հաղթել ենք Ադրբեջանի հետ պատերազմում, բայց քանի դեռ չկա հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակություն, դա ասելը պոռոտախոսություն է»: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի կարելի երկրի ներսում ճակատ ստեղծել, հիմա պարոն Հայրիկյանը, փաստորեն, ճակատ է ստեղծել, ի՞նչ կասի այս կապակցությամբ, վերջինս նշեց. «Այո, ճիշտ է, ճակատ չի կարելի ստեղծել եւ ճակատ ճակատի կռվել: Բայց, արդյոք, նա երկրի ներսի՞ց է: Պուտինի խամաճիկն արդյոք երկրի ներսի՞ց է»: ԱԻՄ առաջնորդը շեշտեց, որ կիսանախագահական կառավարման համակարգում խորհրդարանական համակարգի տարրեր կան: «Ով ասում է, որ խորհրդարանական համակարգի կողմնակից է, մի հատ էլ ճակատին պետք է գրի՝ ես տգետ եմ»: Այն, որ հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե մինչեւ հանրաքվեն պետք է հեղափոխություն անել, բայց չեղավ, արդյոք դա եւս մեկ հիասթափություն չէ՞ր ժողովրդի համար, Պարույր Հայրիկյանը նշեց. «Ժիրայր Սեֆիլյանը Աստված չէ: Նա նույնպես մարդ է եւ կարող է սխալվել»: