Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել. հարազատները նրանից տեղեկություն չունեն

Հասարակություն
shant-krakox1

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած  եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Հայրը չգիտի՝ ինչ պահանջով է որդին հացադուլ հայտարարել, նրա հետ կապ չկա: «Գնացի «Նուբարաշեն» ՔԿՀ նրա հետ տեսակցելու, այնտեղ ասեցին, որ նա հացադուլ հայտարարած անձանց սենյակում է եւ տեսակցություն չի կարող լինել»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օրեր առաջ անփոփոխ էր թողել Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Փաստորեն այդ ժամանակ նա արդեն հացադուլի մեջ է եղել, սակայն դատարանի դահլիճում որեւէ խոսք չի ասել այդ մասին: Հայկ Կյուրեղյանը Վերաքննիչ դատարանից պահանջել է վերացնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ: Նա մեղավոր էր ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: