Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրության նոր նախագծում «ամեն ինչ բարձիթողի վիճակում է»

Քաղաքականություն
aram

«Սահմանադրության հանրաքվեից օրեր առաջ դեռևս առկա են բաց հարցեր, որոնք այդպես էլ չպարզաբանվեցին ու նախագծի վերջնական տարբերակում չարտացոլվեցին»,- համոզված է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ անվտանգության, կառավարման համակարգերին վերաբերող կարգավորումներից բացի, խնդիրներ առկա են նաև սոցիալական ոլորտին վերաբերող հոդվածներում. «Գործող Սահմանադրությունն է անկատար մնացել, մինչև հիմա որևէ քայլ արվե՞լ է սոցիալական պետություն դառնալու համար, իհարկե՝ ո՛չ: Մենք առաջարկություն էինք ներկայացրել նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելու մասին, սակայն դա չընդունվեց:  Ամեն ինչ բարձիթողի վիճակում է այս նախագծում»: Արամ Սարգսյանի համար հասկանալի չէ նաև երկրորդ փուլի գաղափարը, թե ինչու պետք է պատգամավորների թիվը սահմանավի 101, սակայն այն կարող է հասցվել մինչև 191-ի: Պարոն Սարգսյանի համար սկզբունքային չէ՝ Սերժ Սարգսյանը կշարունակի՞ որևէ պաշտոն զբաղեցնել, թե ոչ. «Կարևորն այն է, որ համակարգը փոխվի, որի մեջ գտնվում ենք մենք: Ես չեմ տեսնում, թե ինչ ուղղությամբ ենք մենք առաջ գնալու»: Կրոնագետ Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ պետք է որևէ տեսլական առաջարկվեր հանրությանը, թե ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը, օրինակ՝ 2020 թվականին: «Օլիգարխիայի ներկայացուցիչները սերտաճած են իշխանությանը և այդպես էլ կմնան: Համարում եմ, որ պետք է ոչ ասել Սահմանադրության նոր նախագծին, քանի որ ակնհայտ է մեկ բան՝ առկա է հարաբերականություն այնպիսի դրույթներում, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը: Հայաստանը բնականորեն այնպիսի մի տարածաշրջանում է գտնվում, որ չի կարող իրեն թույլ տալ չունենալ հստակ կարգավորում, օրինակ՝ պատերազմի ժամանակ կարևոր որոշումներ ընդունողների մասով»: ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անհանգստության պատճառ չի տեսնում Արցախի կամ Հայաստանի անվտանգության հարցում. «Երկրի ղեկավարն էլ հայտարարեց, որ այդ ուղղությամբ քայլերը կլինեն զգույշ»: Ըստ իշխանության ներկայացուցչի՝ Սահմանադրությունը խնդիրների լուծում չի տալիս, այլ այն հնարավորություն է տալիս դրա համար. «Կարևոր է լինելու մարդկային գործոնը և կիրառելու կամքը»: