«Փարիզյան դեպքերի արդյունքում կարող է նոր միություն կազմավորվել» (տեսանյութ)
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր «Միջազգային նոր իրադրությունը մերձավորարևելյան տարածաշրջանում և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում էր։ «Ռուսաստանի ռազմական օպերացիան Սիրիայում իսկապես աննախադեպ է՝ տեխնիկական առումով։ Վերջին անգամ նման մասշտաբի գործողություններ այդ երկրի կողմից 70-ականներին էին իրականացվել»,-իր խոսքում նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Ասում է՝ մինչև վերջին պահը Ռուսաստանի գործընկերները և ընդդիմադիրները տարածաշրջանում կամ արևմուտքում չէին հավատում, որ այդ երկիրը կարող է իրագործել նման մասշտաբի օպերացիա։ «Տպավորություն էր, որ Ռուսաստանը փորձում էր մի իրավիճակ ստեղծել, որ ցույց տար՝ մենք էլ կարող ենք անել, ինչպես Ամերիկան՝ Իրաքում։ Այսինքն, նույն ձևերով, մասշտաբներով, միգուցե՝ մի փոքր մեր ձևով»։ Ըստ ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանի՝ այժմ շատ ավելի հետաքրքիր է այն, թե ինչ է կատարվում Սիրիայի շուրջ, ոչ թե հենց բուն Սիրիայում։ «Մոտ 40 պետություն ֆինանսավորում է Իսլամական պետությանը, և բոլորը մեղադրում են իրար՝ այդ ֆինանսավորման մեջ։ Ինչ վերաբերում է օրերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, մենք տեսանք, որ ոչ ոք չպաշտպանեց Ֆրանսիային, և նա ստիպված դիմեց Ռուսաստանին»։ Քաղաքագետի համոզմամբ՝ փարիզյան այդ վերջին դեպքերն անհետևանք չեն անցնի։ «Կարող է նոր միություն կազմավորվել՝ Մինսկի խմբի նման։ Կատարվեց մի բան Փարիզում և Ֆրանսիան ժխտեց մինչ այդ ունեցած իր քաղաքականությունը և դիմեց մի շարք երկրների։ Այսինքն, ահաբեկչական ակտերը գործուն մեխանիզմներ են, որ ստիպում են դիրքորոշումներ փոխել»։ Պարոն Սարգսյանը շեշտեց, սակայն. չարժե մտածել, թե Ռուսաստանը լիովին շահեկան վիճակում է։ «Այդ երկիրը պայքարում է ահաբեկիչների դեմ՝ այդ ընթացքում համագործակցության եզրեր գտնելով հզոր երկրների հետ։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ռուսաստանը կամ պիտի փլուզվի, կամ առճակատման դուրս գա բոլորի դեմ, կամ էլ մտնի այս խաղի մեջ, ինչն էլ անում է։ Այդ երկիրն, ուզած, թե չուզած՝ մտել է համաշխարհային նոր գործընթացի մեջ»։