«ԵԽԽՎ մեր պատվիրակները պետք է նախապես մշակեն իրենց ծրագրերը» (տեսանյութ)
«Հայաստանը պատրաստ չէ աշխատել միջազգային ատյաններում, չունի համապատասխան թիմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքին, նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, թե Հայաստանի պատվիրակության արդարացումները Ադրբեջանի խավիարային քաղաքականության վերաբերյալ ավելի շատ խոսում են մեր պատվիրակության անճար լինելու մասին. «Մենք տարիներ շարունակ նույն մեղեդին ենք կրկնում, սակայն Ադրբեջանի այդ քաղաքականությունը միշտ եղել է: Նրանք պարզապես ԵԽԽՎ-ում այդքան պատգամավորների մեջ գտնում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց գաղափարները առաջ տանել: Այնպես որ՝ թող տպավորություն չստեղծվի, թե ԵԽԽՎ-ն ծախված է: Կան երկրներ, պատգամավորներ, որոնց հետ պետք է տարիներ շարունակ աշխատել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ մեր պատվիրակները պետք է նախապես մշակեն իրենց ծրագրերը, ներկայացնեն դրանք, այլ ոչ թե գնան ԵԽԽՎ, վերադառնան եւ ասեն, թե այս կամ այն բանը չստացվեց: Լարիսա Ալավերդյանը խոսեց նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի մասին՝ նշելով. «Վերջապես Ռուսաստանում հասկացել են, որ պետք է սիստեմատիկ աշխատանք տանել ոչ միայն պետության քաղաքական գործիչների հետ, այլեւ շահեն հասարակության վստահությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ արտգործնախարարի այցը, հավանաբար, կապված է Մերձավոր Արեւելքի խնդիրների հետ: Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաեւ օրեր առաջ Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացու խնդրին՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը նրան շուտով կվերադարձնի Հայաստանին: «Կարծում եմ՝ դա կտեւի երեք օրից ոչ ավել: Նրան պետք է վերադարձնեն՝ հաշվի առնելով եւ’ տարիքը, եւ’ սեռը եւ որ դիվերսանտ չէ»,-եզրափակեց նա: