Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն չգիտի՝ ինչ է ուզում. Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-papyan

Դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը որեւէ բան չի ակնկալում մինչեւ տարեվերջ նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից։ «Եթե ի սկզբանե ադրբեջանական կողմը պատրաստ չէ որեւէ զիջման եւ գնալով, հատկապես վերջին տարիների ընթացքում, տեսել ենք ինչքան է սաստկացրել հռետորաբանությունը՝ խոսելով Երեանի, Զանգեզուրի, Սեւանի մասին։ Եթե դու չունես նպատակակետ, այդ նպատակին չես կարող հասնել։ Եթե նրանք նպատակ չունեն այդ հարցը խաղաղությամբ լուծելու, բնականաբար այդ հանդիպումները ոչինչ չեն տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արա Պապյանը։ Անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին՝ դիվանագետը նշեց, որ որեւէ մեծ ուժ շահագրգռված չէ ստատուս-քվոյի խախտմամբ. «Շատ բան Ղարաբաղի հարցում կախված կլինի նրանից, թե ինչ կորոշեն շատ խաղացողներ Հայաստանից եւ Ադրբեջանից, բացի դրանից՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Եվրամիությունը։ Արեւմուտքը ակնհայտորեն ավելի եւ ավելի քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին։ Մյուս կողմից Թուրքիան ավելի շատ է զբաղված եւ զբաղված պետք է լինի ներքին խնդիրներով՝ հետեւաբար չի կարող ցուցաբերել այն աջակցությունը, ինչը կակնկալեր Ադրբեջանը»։ Արա Պապյանը համոզված է՝ խառը ժամանակներ կլինեն, որոշակի լարվածության աճ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ կմնա նույնը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳ նախարարության որդեգրած քաղաքականությանը, երբ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գալիս, Արա Պապյանի կարծիքով պայմանավորված է նրանով, որ չգիտեն՝ ինչ են ուզում. «Բայց ԱԳՆ-ն կարեւորագույն քաղաքական մարմինն է երկրի։ Չմոռանանք, որ երկրի անունից իրավունք ունեն խոսելու երեքը՝ նախագահը, վարչապետը եւ ԱԳ նախարարը»,- եզրափակեց Արա Պապյանը։