Տեղի է ունեցել թալան. տնտեսագետը՝ ՀԷՑ-ի մասին (տեսանյութ)
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ողջունում է ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր գրուպ» ընկերությանը։ «Այն ամենակարեւոր սուբյեկտներից մեկն է։ Իսկ աուդիտը, որպես այդպիսին կորցնում է իմաստը, որովհետեւ որեւէ անձ պատասխանատվություն չի կրելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը։ Նրա խոսքերով՝ որեւէ խնդիր չկա հասկանալու համար, որ սակագինը պետք էր բարձրացնել, որովհետեւ ցանց գոյություն չուներ։ «Դուք պատկերացրեք, որ մեր բնակարաններում էլեկտրականությունը բաց վիճակում է, մեկուսացված չէ, եւ տան մեջ պտտվում են երեխաներ։ Ինչքան վտանգներով հղի է այդ ամբողջ համակարգը մի փոքր տան մեջ, հիմա պատկերացրեք դա մի մեծ մոդել է ամբողջ երկրի համար, այդպիսին է ՀՀ էլեկտրացանցը՝ ժամանակակից չեն, հնացած են, հնամաշ են, եւ ինչ- որ մի կերպ կարողացել են շահագործել»,- նշեց Վարդան Բոստանջյանը։ Այժմ շահագործումը, ըստ տնտեսագետի, պահանջում է ամբողջ համակարգի թարմացում. «Դրա համար փող է պետք, փողը բերում է բարձր սակագնի, իսկ աուդիտ անենք, աուդիտ չանենք, մեկ է՝ սակագինը պետք է բարձրանար»։ Ըստ Վարդան Բոստանջյանի՝ բոլորին էլ հայտնի էր, որ տեղի է ունեցել չափազանց վատ կառավարում. «Եթե ուզում եք իմանալ, ես միգուցե ծայրահեղ բան եմ ասում, տեղի է ունեցել թալան, հիմա պետք է փակվի թե չէ, հիմա այդ բանը բերեցին, դրեցին խեղճ Տաշիր խմբի վրա»,- նշեց նա։ Նախապես հայտարարվել էր , որ ՀԷՑ-ում 200-ից 300 մլն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ, սակայն տնտեսագետը համոզված է ՝ մինչեւ 500 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ, որ համակարգը դառնա համակարգ։