Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր ընկերություններին չսուբսիդավորելը արդարացի էր. Բորիս Գյուլումյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media

2015 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների ստացումը ՀՀ կառավարությունը մի խումբ սպառողների օգտին ՀԷՑ-ին կվճարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագները մեղմելու համար սուբսիդիաներ։ Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանն ու բացատրեց, թե ինչպես է իրականացվում այդ մեխանիզմը. «ՀԷՑ-ը իր ամիսը ամփոփելուց հետո էներգետիկայի նախարարություն է ներկայացրել տեղեկանք, որտեղ երեւում է սպառողների քանակը, նրանց ծախսած էլէներգիայի չափը ու սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը։ Նախարարությունն այդ տեղեկանքի հիմքով առաջարկություն է ներկայացրել կառավարությանը»,- ասաց պարոն Գյուլումյանն ու հավելեց, որ առաջիկայում կառավարությունը կսահմանի որոշում, որով հայտնի կդառնա վճարման աղբյուրը։ Նա վստահեցրեց նաեւ, որ այս գործընթացը կշարունակվի նաեւ հետագա ամիսներին։ Հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ սուբսիդավորումը, քանի որ այն չի ազդում խոշոր ձեռնարկությունների վրա, իսկ դա կարող է հանգեցնել թանկացումների, Բորիս Գյուլումյանը հրաժարվեց պատասխանել. «Ես ձեր հարցին չեմ պատասխանի, նման գնահատական տալը նախարարության գործառույթներից դուրս է, բայց մի բան կարող եմ ասել, որոշումը արդարացի է։ Հակառակ դեպում դուք այլ հարց կտայիք՝ ինչո՞ւ է սուբսիդավորվում խոշոր ընկերությունը ի հաշիվ պետության միջոցների»։ Իսկ ինչո՞ւ է աուդիտ արվում, երբ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ թանկացումը տեղին է. «Հանրության բարձրացրած հարցերին սպառիչ պատասխան տալու համար աուդիտի անցկացումը անհրաժեշտություն էր»։ Պարոն Գյուլումյանը հրաժարվեց պատասխանել նաեւ ՀԷՑ-ի վաճառքի մասին հարցերին։