Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինեգործը փարատում է գյուղացուն՝ ողջ խաղողը մթերվելու է (տեսանյութ)

Հասարակություն
avag-harutyunyan

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը այսօր ճանապարհ փակած խաղողագործներին խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, ամբողջ խաղողը կմթերվի։ «Հասկացեք, նաեւ գործարաններին է ձեռք տալիս այդ խաղողը վերցնել՝ ուշ վճարելու պայմանով, որովհետեւ գործարանը չեն կարող անվերջ ճգնաժամի մեջ մնալ։ Չեմ կարծում, որ բացառությամբ 1-2 գործարանների, կարողանան մինչեւ հունվար այդ գումարը վճարել»,- ասաց նա։ Այս տարի խաղողը մթերվում է 150 դրամով։ Գինեգործների միության նախագահի խոսքերով՝ ծախսերը հանած գյուղացուն մնում է 30-40 դրամ։ Ըստ նրա՝ այս տարի ռուսական ռուբլու արժեզրկումը գինեգործության եւ կոնյակագործության վրա մեծ ազդեցություն թողեց։ Անդրադառնալով օրեր առաջ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այն հայտարարությանը, թե գինեգործների եւ կոնյակագործների միության միավորումը ավելի նպատակահարմար կլինի, Ավագ Հարությունյանը նշեց. «Հասարակական կազմակերպությունները չեն հայտնվում, չեն միավորվում կամ անհետանում որեւէ մեկի ցանկությամբ, խնդրանքով կամ պահանջով։ Սա բնական պրոցես է եւ ինքը՝ ժամանակն է թելադրում, միանալ, անջատվել, լուծարվել եւ այլն։ Սա կարող է լինել վարչապետի կամ որեւէ մեկի կամ նախարարի զուտ անձնական տեսակետը կամ ցանկությունը։ Որեւէ մի պետական օղակ իրավունք չունի եւ չի կարող ազդել դրա վրա»։ Ավագ Հարությունյանը չի հերքում,որ կոնյակագործությունը համարվում է գինեգործության ճյուղերից մեկը եւ նորմալ իրավիճակում, երբ խաղացողները գտնվում են նույն խաղի կանոնների մեջ, կարելի էր ունենալ մեկ հզոր կառույց, որի հետ կառավարությունը աշխատեր։ Իսկ հիմա գինի եւ կոնյակ արտադրողները տարբեր կարգերում են գտնվում՝ ծավալների, շահութաբերության եւ աշխատողների թվի առումով. «Հիմա խնդիրները տարբեր են, եւ ընդհանուր շահ չկա միավորման համար»,- եզրափակեց նա։