Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը գնում է ԺԷԿ-ի պետի մակարդակի ինքնիշխանության»

Քաղաքականություն
nahapetyan

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների այսպիսի ձեւին։ Նախաձեռնության անդամներն այսօր եւս մեկ անգամ հիշեցրին այն սպառնալիքների մասին, որոնք սպասվում են հայ ընտանիքին, Հայաստանի քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական ինքնիշխանությանը, հոգեւոր անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը. «Փոփոխությունների արդյունքում կիջեցվի եկեղեցու դերը ու այն կհասնի աղանդավորական կազմակերպությունների մակարդակին»,- նշում է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։ Իսկ ընտանիքի մասին փոփոխվող հոդվածներում նա էլ ավելի շատ վտանգ է տեսնում. «Չգիտես ինչու 34-րդ հոդվածի անգլերեն տարբերակում գրված է, որ ընտանիք կարող են կազմել կանայք եւ տղամարդիկ՝ հոգնակի թվով, նշված չէ նաեւ միմյանց հետ բառը։ Հավաստիացնում եմ՝ սա նշանակում է իրար հետ կարող են ամուսնանալ եւ երկու կին, եւ երկու տղամարդ»,- նշում է պարոն Նահապետյանը։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նախաձեռնությունը չի անհանգստանում, որ սահմանադրական փոփոխությունները նախ եւ առաջ ուղղված են իշխանության վերարտադրությանը, Հայկ Նահապետյանը պատասխանեց. «Իշխանությունը որոշում կայացնելու ունակություն է, ունենալ իշխանություն՝ նշանակում է կայացնել որոշում՝ առանց արտաքին ճնշման։ Այսօր Հայաստանի արտաքին կառավարումը դրսում է, ու մենք չենք կարծում, որ իշխանության վերարտադրության խնդիր կա, դրանք բոլորը իմիտացիա են, որպեսզի փակվեն բոլոր հիմնական վտանգավոր կետերը»։ Իսկ արտաքին ուժերի կառավարումը, ըստ Նահապետյանի, կբերի ինքնիշխանության վերջնական ոչնչացման. «Հայաստանը գնում է ԺԷԿ-ի պետի մակարդակի ինքնիշխանության»։