Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը շատ խոսելու նյութ ունի ռուսաստանյան ղեկավարության հետ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ալեքսանդր

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներն ու լարված իրավիճակը պարբերաբար նոր թափ են ստանում։ «Վախենամ, որ սա շարունակվի, դադարեցնել դժվար թե հաջողվի։ Բայց ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսումն անհնար է»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Հարցին, թե ի՞նչն է այս պահին խանգարում Ադրբեջանին պատերազմը վերսկսել, նա նշեց. «Սպառազինության որոշակի որակն ու քանակը ստիպում են կողմին զսպում ցուցաբերել։ Ադրբեջանի՝ պատերազմում հաղթելու հնարավորությունն, ըստ էության՝ զրոյական է։ Բայց եթե սկսվի պատերազմ, այն կտևի շատ կարճ՝ 5-10 օր։ Այդ ընթացքում կարելի է շատ վնաս բերել հայկական կողմին, բայց հաղթել պատերազմում անհնար է։ Պատերազմը կդադարեցվի միջազգային հանրության կողմից։ Իսկ կորուստները Բաքվի ռեժիմի համար հսկայական կլինեն, ընդհուպ մինչև այդ ռեժիմի վերացման վտանգ»։ Բայց Ադրբեջանի համար ձեռնտու է ղարաբաղյան կոնֆլիկտը մի շարք առումներով, այդ թվում՝ երկրում աղքատությունն արդարացնելու համար. «Ադրբեջանում մշտապես քաղցածների բողոքի ցույցեր են»։ Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանի «դիզայնը» շատ արագ փոխվում է։ «Մասնավորապես, Իրանի և արևմուտքի հարաբերությունների փոփոխությունը, Թուրքիայի մի հատվածում ընթացող, ըստ էության՝ պատերազմը, և Սիրիայում իսլամիստ-գրոհայինների առաջխաղացումը»։ Խոսելով Սարգսյան-Պուտին այսօր սպասվելիք հանդիպման մասին՝ պարոն Իսկանդարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը շատ խոսելու նյութ ունի ռուսաստանյան ղեկավարության հետ։ Ինչ վերաբերում է Թուրքիային. «Այսքան վատ հարաբերություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ես չեմ հիշում»,-ասաց նա։