Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ կարելի՞ է տաշի-տուշի անել» (տեսանյութ)

Հասարակություն
3f075b64e0f48de3ab6f2bcecd592c4a

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը անհեթեթ է համարում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կառուցապատման իրականացումը։ «Այնտեղ եղեռնի զոհերի հուշահամալիրն է։ Սուրբ վայր է, ո՞նց կարելի է որևէ բան կառուցել»։ Տարածքում, ինչպես հայտնի է՝ նախատեսվում է ժամանցի գոտու ստեղծում։ Քանդակագործ, համալիրի ճակատային հատվածի հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանը նույնպես դեմ է այդ տարածքում որևէ նոր շինության կառուցմանը։ «Ես վարչապետին ուզում եմ հարց տալ. իրեն չի՞ մտահոգում այդ կառավարությունը, որ ինչ դնում են, անցնում է։ Ավելի լավ է, այդ շենքը քանդեն, տանեն եղեռնի զոհերի հուշահամալիրից հեռու, քան ինչ որ նոր բան այնտեղ կառուցեն»։ Պարոն Առաքելյանը զարմանում է պետության որդեգրած քաղաքականության վրա։ «Ի՞նչ է նշանակում մառոժնի ծախել, մարմնավաճառներ բերել, ամեն ինչ անել՝ այդ շենքը պահելու համար։ Էդ Լուվրը էդպե՞ս են պահում, Լա Սկալան էդպե՞ս են պահում»։ Քանդակագործը սա համարում է արհամարհանք ժողովրդի նկատմամբ։ «Այսքա՞ն արհամարհել կարելի՞ է։ Այդ ինչքա՞ն են ատում ժողովրդին մեր կառավարողները»։ Նա շեշտեց, որ ամեն տեղ կարելի է բիզնես դնել, բայց ոչ եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ։ «Եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ կարելի՞ է տաշի-տուշի անել»։