Տարվա վիքիպեդիստը հայ է

«Վիքիմեդիա» Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը Մեքսիկայում ընթացող «Վիքիմանիա 2015» համաժողովին ինտերնետային հանրահայտ գործարար, «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի համահիմնադիր և «Վիկիա» ընկերության հիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից հայտարարվել է տարվա վիքիպեդիստ:

Նույն համաժողովում «Արևմտահայերեն Վիքիպեդիայի» ստեղծման և զարգացման «Վիքիմեդիա Հայաստանի» նախագիծը ճանաչվել է «Վիքիմեդիայի» երրորդ ցնցող նախագիծը։

Վերջին շրջանում «Վիքիպեդիա» բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակը` «Հայերեն Վիքիպեդիան» աննախադեպ հաջողություններ է արձանագրում: Ինչպես «Ա1+»-ին ասաց նախագիծը իրականացնող հիմնադրամի` «Վիքիմեդիա Հայաստանի» համահիմնադիր, խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը, օրերս «Հայերեն Վիքիպեդիան» իր ունեցած հոդվածների քանակով համաշխարհային ցանցում բարձրացավ 38-րդ հորիզոնական։ «Հայերեն Վիքիպեդիան», ինչպես տեղեկացրեց Մհեր Բեքարյանը, արդեն հատել է 175000 հոդվածի սահմանը:

Միջազգային մի շարք վիքի նախագծերի շարքում հայերը ներմուծել են նոր նախագիծ` «Վիքի ճամբարը», որը զուտ հայկական նախագիծ է և ընդօրինակվում է այլ երկրներում: