Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հենց որոշում կայացնեն, հաշված ժամերի ընթացքում Վարդան Պետրոսյանը կազատվի» (տեսանյութ)

Հասարակություն
vardan11

Վճռաբեկ դատարանն այսօր հետ է վերադարձրել դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա եւ Տաթեւիկ Հակոբյանների, տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ բողոքի ձեւական սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար Վճռաբեկ դատարանը սահմանել է 5-օրյա ժամկետ` սույն որոշումն ստանալու պահից։ Սահմանված ժամկետում բողոքը չներկայացնելու դեպքում այն համարվում է չտրված։ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից դատարանը եկել է եզրակացության, որ գործից բացակայում են հաստատող փաստաթղթերը, ըստ որոնց դատավարության մասնակիցներին եւ գործը քննած դատարան ուղարկվել է բողոքի պատճենը։ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ցավով է փաստում, որ Վճռաբեկ դատարանում բախվեցին այն ապօրինությունների հետ, ինչ կար առաջին եւ Վերաքննիչ դատարանում։ «Արհեստականորեն իրենք փորձում են ձգել ժամանակը, որ Վարդան Պետրոսյանն ավելի շատ կալանքի տակ մնա։ Խնդիրը կայանում է նրանում, որ հենց նրանք որոշում կայացնեն, հաշված ժամերի ընթացքում կամ մեկ, երկու օրվա մեջ Վարդան Պետրոսյանը կգտնվի ազատության մեջ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Պաշտպանը եւս մեկ անգամ նշում է՝ տվյալ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից պետք է վարույթ չընդունվի, որովհետեւ օրենքի միատեսակ կիրառության հետ որեւէ աղերս չունի։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Դեպքը տեղի էր ունեցել 2013 թ. հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։