Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի երեւում, որ Հայկ Կյուրեղյանի կրակոցից ոստիկան է տուժել» (տեսանյութ)

Հասարակություն
shant-krakox1

Հայկ Կյուրեղյանի գործով այսօր դատարանում հետազոտված տեսաերիզը չէր կարող համարվել գործով ապացույց. Համոզված է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։ «Գոռում-գոչյուն չլսեցինք, երբ կրակում էր, ոստիկանները ցուցմունք տվեցին, որ այդ կրակոցներից իրենք վիրավորվել են, ես տեսաերիզի մեջ չտեսա մի տուժողի, որ գլուխը, աչքը, ականջը բռներ, ինչ- որ վնասվածք ստանար, ոստիկաններն իրար խառնվեին»,- դատական նիստից հետո ասաց փաստաբանը։ Թեեւ դատարանը Անժելա Հոբոսյանին նշանակել է Հայկ Կյուրեղյանի գործով պաշտպան, սակայն Հայկ Կյուրեղյանը հրաժարվել է նրա ծառայություններից։ Անժելա Հոբոսյանը տեսաերիզը դիտելիս զարմացել է նաեւ մեքենայի սեփականատիրոջ այն հայտարարության վրա, որ Հայկի արարքի պատճառով մեքենան նույնիսկ չի ճանաչել. «Չէր պտտվում այնպես, որ մեքենային վնաս պատճառեր»։ Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանն այսօր էլ դատարան չէր բերվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Հայկ Կյուրեղյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատական նիստը կշարունակվի հուլիսի 3-ին, որի ժամանակ կուսումնասիրվեն գործում առկա մյուս ապացույցները։