Արվեստաբանը հետազոտություն է անցնում ակնաբույժի մոտ
Առավոտյան ժամը 6-ից Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանության ուժերի կողմից ծեծի ենթարկված 11 ակտիվիստ, որից 5-ը` աղջիկ: Ինչպես տեղեկացրեց բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը, բոլորին հետազոտել են, եւ որեւէ մեկի մոտ տրավմատիկ երեւույթ չի հայտնաբերվել. «Առկա էին փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, երկու տղամարդ` ակնակապիճների վնասվածքներով` ջրային շիթից: Նրանք զննվել են ակնաբույժի կողմից, նշանակումներ են արվել: Նրանք դուրս են գրվել: Ոսկրային կոտրվածքներ չեն հայտնաբերվել, ներքին արյունահոսություն ունեցող եւս չկա»: Բժշկական կենտրոնում էր նաեւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, որի աչքերը տուժել էին ջրցան մեքենաների արձակած ուժեղ շիթից, հետազոտություն էր անցնում ակնաբույժի մոտ: Նրա աչքերը ուռած էին, կարմրած, նա հազիվ էր կարողանում բացել կոպերը: