Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ի ներկայացրած ներդրումային ծրագրերը ձեւական են. Կ. Չիլինգարյան

Տնտեսություն
chilingaryan

ՀԷՑ-ի ներկայացրած ներդրումային ծրագրերը` իբրեւ ոլորտը բարելավելու համար` ձեւական են. համոզված է «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ Կարեն Չիլինգարյանը. «Ես մասնակցում եմ ՀԾԿ հանձնաժողովի քննարկումներին, ՀԷՑ-ի ներկայացրած ներդրումային ծրագրերին ուշադրություն դարձնելով` ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրանք գործ չեն անում»: Կարեն Չիլինգարյանը էլեկտրաէներգիայի մոտ 7 դրամ թանկացումը անհիմն է համարում: Ըստ նրա, պետք է ստուգվի՝ էլցանցերը նման ներդրումներ կատարե՞լ են, թե՞ այդ գումարները ուրիշ տեղ է գնացել. «Երեւանում գոնե մի քիչ մի բան արվում է, մարզերում, ընդհանրապես խայտառակ վիճակ է: Կցոններով են լարերը մարզերում, մեկուսիչների տեղը ինչ-որ ռեզիններ են փաթաթված: Անվտանգության կանոններն ընդհանրապես պահպանված չեն: Շատ սարքերի հները վերանորոգում են, նորի տեղ են ներկայացնում»: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչ կարող ենք անել հիմա, երբ էլեկտրաէներգիայի գնի թանկացման որոշում է արդեն ընդունվել, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ մեր երիտասարդները ակտիվ են ու զբաղվում են այդ հարցով, ժողովուրդը պետք է արձագանքի, պայքարի, եթե համակերպվի`կսովորեն ու մյուս տարիներին էլ կթանկացնեն: Արդյունքում մեր երկիրը սնանկացման շեմին կհայտնվի»: