Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատգամավորների ներգրավումը թուրքական խորհրդարան՝ ոչինչ չի նշանակում (տեսանյութ)

Քաղաքականություն
mushegh-khudaverdyan1

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները տարբերվում էին նախորդ ընտրություններից։ «Հավաքելով 46-47% ձայներ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանար խորհրդարանում կազմել միակուսակցական կառավարություն, որով էլ ավելի կամրապնդվեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը։ Դա, սակայն, տեղի չունեցավ, և սա շատ մեծ անհաջողություն էր էրդողանամետ հատվածի համար»,- նշեց Մուշեղ Խուդավերդյանը։ Վերջինս այս համատեքստում նկատում է, որ մեծ հաջողություն էր քրդական կուսակցության մուտքը թուրքական խորհրդարան , քանի որ այն իր գործունեությամբ և գաղափարներով մեծ հակակշիռ է թուրքական կուսակցություններին։ «Հայկական կողմի համար բավական հետաքրքիր է այն հանգամանքը, որ քրդական կուսակցության ղեկավար Սելահեթին Դեմիրթաշը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ , ճանաչի Հայոց ցեղասպանությունը և բացի Հայաստանի հետ սահմանները , և այս տեսանկյունից էլ հայկական լսարանի համակրանքը միանշանակ քրդական կուսակցության կողմն էր»,-ասաց նա։ Ըստ թուրքագետի ՝ քրդական կուսակցությունը հետագայում լուրջ վտանգներ կարող է ներկայացնել թուրքական մնացյալ կուսակցությունների համար։ Անդրադառնալով ազգությամբ հայ պատգամավորների ներգրավմանը թուրքական խորհրդարանում, Մուշեղ Խուդավերդյանը շեշտեց, որ դա իսկապես բացառիկ երևույթ էր։ Բայց, միևնույն ժամանակ, թուրքագետի կարծիքով՝ դրանից որևէ դրական փոփոխություն կամ նպաստավոր հանգամանք հայերի համար չպետք է ակնկալել։ «Ամենաազդեցիկն այդ պատգամավորներից թուրքական «Ենիշաֆաք» թերթի սյունակագիր Մարգար Եսայանն է, ով տարիներ շարունակ մշտապես պաշտպանել է իշխանական կուսակցության քաղաքական գիծը։ Խորհրդարանում ընդգրկված այս հայերը երբեմն կարող են թյուրիմացություն ստեղծել այն առումով, որ նրանք հայ լինելով հանդերձ՝ կարող են չպաշտպանել հայկական կողմի շահերը։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ նրանք նախևառաջ Թուրքիայի քաղաքացիներ են, թուրքական իշխանության ներկայացուցիչեր և չնայած իրենց հայկական անուն-ազգանուններին ՝ շատ հաճախ տարբեր հարթակներում կարող են չպաշտպանել հայերի շահերը, այլ հակառակը՝ հանդես կգան Թուրքիայի քաղաքական շահերից»,-նշում է թուրքագետը։