Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգել են վարչապետի հարազատներին պատկանող ձկնաբուծարանները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
naxarar

Սիրահարների այգում այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ բնապահպանական էքսպո-ցուցահանդես էր, որին մասնակցում էին նաեւ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Բնապահպանության նախարարը «Ա1+»-ի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ անտառների պահպանությանը: Ըստ նրա` մեր փոքր տարածքում պետք է կարողանանք պահպանել եղածը. «Անտառների առումով մենք աղքատ ենք, սակայն մենք ամեն տարի հետամուտ ենք լինում անտառտնկման աշխատանքներին: Սոցիալական վիճակից ելնելով` գյուղացիներին հնարավորություն է տրվել անտառին հարակից տարածքներն օգտագործել: Սակայն նույն գյուղացին պետք է մտածի, որ այսօրվա իր կտրած ծառը ինչ արժեք ուներ բնության մեջ, նա պետք է մտածի իր երեխաների, վաղվա մեր սերնդի համար եւ պետք է հնարավորինս բավարարվի այն մինիմում տրվածով, որ մենք թույլտվություն ենք տալիս»: Նա չբացառեց նաեւ այն հանգամանքը, որ շատ մարդիկ անտառհատումն ընկալում են որպես բիզնես. «Մենք շատ խիստ ենք վարվում նման մարդկանց հետ: Տարվա կտրվածքով մոտ 40 մլն դրամի չափով տուգանքներ ենք իրականացրել` միայն անտառահատման աշխատանքների հետ կապված»: Բնապահպանության նախարարից հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք չկա՞ մտավախություն, որ անտառն էլ ավելի կվտանգվի, երբ էլեկտրաէներգիայի սակագինը եւս 17 դրամով բարձրացնեն, եւ մարդիկ անցնեն փայտ վառելուն. «Ձեր հարցադրումը տեղին է եւ պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ խուսափենք թանկացումներից, այնուամենայնիվ նախարարությունը Սեւանի մաքրման աշխատանքների արդյունքում գոյացած փայտը, որ չի օգտագործվում բնակիչների կողմից, մենք դա առանց որեւիցե վճարի տրամադրում ենք բնակիչներին`որպես վառելափայտ:Քանի որ չեն տանում, չեն օգտագործում, որոշել ենք համապատասխան տեխնոլոգիաներ ներդնել, եւ աղալով այդ փայտանյութը` ստանալ անհրաժեշտ կուբիկներ՝ վառելափայտ, եւ անվճար բաժանել հարակից համայնքներին»: Ի դեպ, Արամայիս Գրիգորյանը խոսեց նաեւ Արարատի մարզում բացված բազմաթիվ հորերից, որտեղից հանված ջուրն օգտագործվում է ձկնաբուծարանների համար: Արդյոք նախարարությունը ստուգումներ անցկացրե՞լ է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարաններում եւ ինչ չարաշահումներ են հայտնաբերել: Պարոն Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց համար կապ չունի` ում ձկնաբուծարանն է, ստուգել են նաեւ վարչապետի հարազատներին պատկանող ձկնաբուծարանները եւ եթե թերություններ են հայտնաբերել, ակտավորել են: