Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը՝ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի վիրավորանքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mip

Էլեկտրաէներգիան թանկացնելու համար Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին 5 ընկերությունների ներկայացրած հայցը մարդու իրավունքների խախտում չէ՝ ասում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը. «Մարդը կարող է չունենալ ոչ մի եկամուտ, բայց ստիպված լինի վճարել էլեկտրաէներգիայի համար։ Եվ դա ինքնին ոչ մի իրավունքի խախտում չէ»։ Պաշտպանն ավելացնում է՝ այլ հարց է, որ պետությունը քաղաքացու սոցիալական իրավունքների համար գլոբալ պարտավորություններ ունի՝ ավելացնել թոշակներ ու նպաստներ. «Եվ 2012-ին եւ 2013-ին եւ սկսած մեր անկախության առաջին իսկ օրվանից սոցիալական իրավունքները խախտված են, որովհետեւ Հայաստանում կա աղքատության մի էնպիսի շեմ, որտեղ նվազագույն կարիքները մարդկանց չեն բավարարում»։ Պաշտպանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ փետրվարի 12-ի նիստում Գագիկ Ծառուկյանի հասցեին արված Սերժ Սարգսյանի հետեւյալ արտահայտությանը. «Ես եմ արգելել որեւէ մեկին հոլովելու ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ վիրավորանքը չպետք է որոշի վիրավորողը կամ վիրավորվողը, վիրավորանքը որոշում է հասարակության ընդհանուր ընկալումը»,- մեկնաբանում է օմբուդսմենը։ Քանի որ Սերժ Սարգսյանի հիշյալ արտահայտությունը Գագիկ Ծառուկյանի համար ինտելեկտուալ հաճոյախոսություն չէ, այլ՝ վիրավորական մականուն, պետք է այն հրապարակայնացնողը դրա համար պատասխան տա. «Միայն վիրավորվողը կարող է քաղաքացիական իրավունքից օգտվելով դիմել դատարան եւ պահանջել փոխհատուցում իրեն վիրավորելու համար, դուք ուրիշի փոխարեն իրավունք չունեք վիրավորվելու»։ Ի դեպ, պաշտպանը որպես քաղաքացի տեղյակ է, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից։ Նրանք հաճախ պաշտպանի մոտ են գալիս արդարություն գտնելու. «Արդարության պակասը չի լինում միայն դատարանում, արդարության պակասը լինում է հաց չունենալուց էլ, դա էլ է անարդարություն, որովհետեւ երբ մեկն ունի անաշխատ միլիոնավոր եկամուտներ եւ չի իմանում էդ գումարները ոնց ծախսի, իսկ մյուսը հացի խնդիր է լուծում, դա էլ է անարդարություն»։ Պաշտպանը թեման փակեց բառացիորեն հետեւյալ խոսքով՝ դեռ 2013 թվականին ես մեր հայրենակիցներին մաղթել էի հաց եւ արդարություն։