Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստացվում է՝ Ծառուկյանի չլինելով գաղջը կվերանա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
296c744df8bb9051ea51f022e67b2d69

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատում է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` նա անդամակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ «Ես երեկ նամակով դիմել եմ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի անդամակցեմ նրա ղեկավարած կուսակցությանը։ Պատճառը եղել է Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը»,-ասաց նա։ Նրա խոսքերով՝ այդ ելույթից իրեն դուր է եկել միայն այն, որ հայ ժողովուրդը իմացավ, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրում։ «Մինչև երեկ չէ առաջին օրը, պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանը օրինապաշտ քաղաքացի է եղել։ Նա անմիջապես դարձավ չարիք, երբ կանգնեց ժողովրդի կողքին՝ երբ ասեց, թե ինչու պետք է երկրում աղքատությունը լինի 32%»,-նշում է պարոն Եղիազարյանը՝ հավելելով, որ ըստ այդ ելույթի՝ «ստացվում է, իբրև թե Գագիկ Ծառուկյանի չլինելով երկիրը դառնում է դրախտային՝ ինչպես կասեր իրենց առաջնորդը՝ միանգամից գաղջությունը կվերանա, մենք էլ կհայտնվենք ապահով Հայաստանում»։ «Ես գիտեմ, թե ինչպես այդ կուսակցությունը ՝ ՀՀԿ-ն, ստեղծվեց 2 ժամում, և նույն կերպ էլ այն քանդվելու է»։ Եղիազարյանի խոսքով՝ այսօր մենք ունենք մի օլիգարխ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ով բացի իր սեփական շահերից, պայքարում է նաև ժողովրդի համար, ուրեմն ի՞նչ է ստացվում, չպե՞տք է ողջունենք։ Շահարկվում է նաեւ այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, ուստի պետք է նրան զրկեն իր պատգամավորական մանդատից։ Մեր այն հարցին, թե չկա՞ն արդյոք այլ պատգամավորներ, ովքեր շատ են բացակայում, Գուրգեն Եղիազարյանը ի պատասխան նշեց. «Եթե գնան այդ ճանապարհով, ապա ԱԺ-ի 80%-ը իրավունք չունի մասնակցելու նիստերին»։