Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիներն ուզում են մարզպետարանում ներկայացուցիչ ունենալ (տեսանյութ)

Հասարակություն
asulisssssss

Մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններից ամենամեծ համայնքը եզդիականն է` ավելի քան 35.000 մարդ: Մի տասնամյակ առաջ նրանց թիվը մոտ 10.000-ով ավելի էր: «Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են, քաղաքական որևէ խնդիր չկա».-նշել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը: Եզդիները ներկայում 20 միատարր գյուղ ունեն մեր երկրում, որոնցում հիմնական խնդիրը բուժկենտրոնների բացակայությունն է կամ թերի վիճակը: Կրթության ոլորտում էլ խնդիր են տեսնում: «Ցանկալի է`Կրթության և գիտության նախարարությունում լինի մեզնից ներկայացուցիչ»,-շեշտել է պարոն Բաքոյանը: Մայրաքաղաքում ներկայում 562 եզդի աշակերտ է ուսանում: Արագածոտնի մարզում միայն 20 գյուղ ունեն. «Հնարավոր չի՞ էդ մարզպետարանում մի ներկայացուցիչ ունենանք: Չեմ ասում վարչության պետ կամ պետի տեղակալ,այլ պարզապես աշխատակից»,-նշել է եզդիական համայնքի ներկայացուցիչը: Հայաստանի հունական համայնքը 2800 հոգի է ընդգրկում, մեծամասնությունն ապրում է Լոռու մարզում: «Ընթացքում մեկնում են հայրենիք կամ Ռուսաստան»,-նշել է հույների «Իլիոս» համայնքի նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը: Նա հույս ունի, որ Ազգային ժողովի կողմից նախատեսված`իրենց և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը մինչև ապրիլի 24-ը կընդունվի: Իսկ ասորական համայնքը պաշտոնական տվյալով 3000 անձից է բաղկացած: «Բայց մեր հաշվարկով 6000 ասորի կա»,-շեշտել է ասորական «Աթուռ» կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը: Նրա պնդմամբ էլ` քաղաքական խնդիրներ չունեն, հիմնական դժվարությունները սոցիալական պայմաններն են: