Մանվել Գրիգորյանը՝ լրագրողին. «Հավայի մարդ ես» (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանը չի կարող գնահատել դրամի անհասկանալի արժեզրկումն ու վերջին թանկացումները, ինքը բանկիր չէ. «Ես կարո՞ղ ա ժողովուրդ չեմ, գնա գործիդ, գնա գործիդ, էկել ես դոլարի... լավ էլի, հավայի մարդ ես»։ Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքներում էր ծամող բերանով, ինքը խուճապի մեջ չէ թանկացումներից, ակամա խոստովանում է, որ նաեւ պատգամավոր չէ. «Այ ցավդ տանեմ, 131 հատ պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում մեզանից»։ Մյուս հանրապետականները չեն հերքում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների վերջին թանկացումները խուճապ են ստեղծել ժողովրդի մոտ։ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը նշում է. «Օգտագործելով ձեր ասած խուճապը վաճառողները կամ արտադրողները կամ տնտեսվարողը կարող է որոշակի գնային քաղաքականություն փոխել»։ «Ժողովրդի վիճակը շատ վատ ա»,- փաստում է ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը։ Աղվան Հովսեփյանի եղբայրը պատրաստ է մխիթարել ժողովրդին՝ հեռու չէ այն օրը, երբ արդեն թանկացած որոշ ապրանքներ կէժանանան. «Մաքսային Միություն որ մտնենք, ահագին ապրանքներ կէժանանան»։ Բայց ինչու՞ է թանկացել նաեւ կաթնամթերքը, չէ՞ որ կովերը մերն են։ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը բացատրում է. «Կովերը մերն ա, եթե մենք կաթնամթերքը ամբողջությամբ ինքներս ենք արտադրում, իսկ եթե ներմուծում ենք, իհարկե թանկացում տեղի կունենա»։ Ազգային Ժողովի նախագահը ոչ մի միտում չի տեսնում թանկացումների մեջ, Հայաստանում արդեն ավանդույթ են թանկացումները. «Հենց Նոր տարվա օրերն ա գալիս, աշխարհի տարբեր երկրներում էժանացում ա գնում, որովհետեւ շրջանառությունն ա մեծանում, մեզ մոտ թանկացումն ա գնում, որովհետեւ շրջանառությունը շատ փոքր ա»։ Իրեն մտահոգում են թանկացումները. Իշխանության վարկանիշը հենց դրանից է կախված, վերլուծում են, կանխատեսում են. «Բայց դրանով ժողովրդին չես կշտացնի»։ Ըստ պարոն Սահակյանի, ամեն ինչ արվում է, որ ապրանքները կրկին էժանանան, դեկտեմբերի 15-ից հետո մենք այդ մասին կլսենք։ Լրագրողները նկատեցին, որ մինչ այդ կարող է սոցիալական բողոքի ալիք սկսվել. «Եթե մարդը վատ է ապրում, պիտի բողոքի էլ, բայց ալիքի հետ մի քիչ զգույշ վերաբերվեք, դա թողեք Փաշինյանին»։