«Սպայս» մահացու թմրամիջոցը հասել է Հայաստան. ներհոսքը սփյուռքից է (տեսանյութ)

Թմրադեղեր օգտագործող մարդկանց թիվը Հայաստանում տարեկան աճում է 30-40 տոկոսով։ Այս մասին է ահազանգում Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանը։

« 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ մեր կենտրոնում հաշվառված է թմրադեղ օգտագործող 4922 հոգի և ևս 100 հոգի, ովքեր այլ հոգեմետ դեղեր են օգտագործում»։

Նրա կարծիքով՝ նման աճը ավելի շատ պայմանավորված է միգրացիայով, ոչ թե սոցիալական խնդիրներով. «Ով գնում է, իր հետ բերում է։ Մեծ է հոսքը նաև սփյուռքից։ Օգտագործողների գերակշիռ մասը սոցիալապես ապահով խավից է»։

Տիկին Գրիգորյանը ցավով է տեղեկացնում, որ արդեն Հայաստան է ներթափանցել մահացու «սպայս» թմրամիջոցը. «Հայաստանում ամենատարածվածը դեզոմորֆինն է, որն առավել տարածված է «крокодил» անվամբ, բայց արդեն 2 տարի է մեզ մոտ գրանցվում են «սպայսի» օգտագործման դեպքեր։ Այս թմրամիջոցը ամենավտանգավորն է և մարդկանց ստիպում է ինքնասպան լինել»։

Նարկոլոգիական կենտրոնի աշխատակիցը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրենց կենտրոնում բուժումը անվճար է և հորդորում մարդկանց սթափվել ու չկործանել ոչ միայն իրենց, այլ նաև սեփական ընտանիքի ու սիրելի մարդկանց կյանքը։