Ադրբեջանը խախտում է Ֆրանսիային տրված իր խոստումը. Ֆրանսուա Ռոշբլուան
Չորեքշաբթի օրը, նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը խոցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին պատկանող մի ուղղաթիռ: Սարքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համատեղ զորավարժությունների համատեքստում ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել ղարաբաղյան տարածքի վրայով: Հարձակման հանգամանքները պարզելու նպատակով անցկացվելու է հետաքննություն, սակայն ուղղաթիռում առկա երեք զինվորականները զոհվել են: «Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ խաղաղություն ու երկխոսություն հաստատելուն ի նպաստ : Հետեւաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ եւս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է», - ասաց Ֆրանսուա Ռոշբլուանը՝ Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահը: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար»: «Այս սադրանքը ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ եւ կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում», - եզրափակեց Ֆրանսուա Ռոշբլուանը: