«Էդուարդ Շարմազանովը թող դրա հույսը չունենա» (տեսանյութ)
«Սեյրան Օհանյանը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին»,-Ազգային Ժողովում պաշտպանության նախարարի հետ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումից հետո ասում է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Այսօր ժամանակն է, որպեսզի մեր հասարակությունը մեզ տեսնի միասնական եւ նույն խրամատում լինի թե հանրապետականը, թե ժառանգականը, թե ՀԱԿ-ականը»։ Նույն խրամատում հայտնվելու այս քայլը պարոն Շարմազանովը գնահատում է որպես ազգային անվտանգության ամուր համակարգ առանց որի չկա տնտեսական զարգացում, ոչ սոցիալական խնդիրների լուծում, հիմա պետք է ազատվել կուսակցական խաղալուց: «Մենք պարտվել ենք էն ժամանակներում, երբ բոլշեւիկ-դաշնակցական ենք խաղացել, երբ որ վտանգի պահին ունիտոր-հակաունիտոր ենք խաղացել, արեւմտամետ-հակաարեւմտամետ ենք խաղացել»։ Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քառյակը, ըստ Ազգային Ժողովի փոխնախագահի, 12 կետերի կատարման պահանջից չի խոսել, այլ միայն՝ սահմանների անվտանգությունից եւ Արցախի խնդրից, հայ մարդ են, որոնք այս օրերին երկու կարծիք չունեն: «Եվ էդ իմաստով, շնորհակալություն հայտնել, արել ենք էն, ինչ որ պետք ա անենք»։ Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը չի պատրաստվում մեկնաբանել Էդուարդ Շարմազանովի հիացմունքը։ Այո, արտաքին ռազմական վտանգի դեպքում ներքաղաքական օրակարգը մղվում է հետին պլան, այո, այդ օրերին Հայ Ազգային Կոնգրեսն իր բոլոր ուժերը կներդնի արտաքին վտանգը չեզոքացնելու գործին «Բայց դրանից զատ պայքարը այս հանցագործ ռեժիմի դեմ երբեք չի դադարելու. Էդուարդ Շարմազանովը թող դրա հույսը չունենա»։ Արման Մուսինյանը կասկածում է, որ քաղաքական ուժերի միասնությունը կարող է առիթ դառնալ անընդհատ լարված պահել իրավիճակը սահմանում, որպեսզի իշխանության փոփոխության հարցը օրակարգից դուրս գա։ Ըստ նրա, դա հեշտ կբացահայտվի: «Անցած տարիների իրենց վարքն ապացուցում է, որ իրենք ամեն ինչի պատրաստ են, բայց ես մի վերջին հույս ունեմ, որ նման խելահեղության նրանք չեն գնա»։ Ի դեպ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչը չի կարող ասել, թե ինչքանով կնպաստեն սահմանում լարվածության թուլացմանը Ռուսաստանի նախագահի հետ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր առանձին հանդիպումները «Ես ակնկալում եմ, որ սահմանում լարվածության թուլացում կլինի ունենալով այն վստահությունը, որ մեր զինված ուժերը ցանկացած այսպիսի մի ոտնձգության համարժեք պատասխան կտան եւ հակառակորդը կհանսկանա, որ ցնորամտությունների եւ խելահեղ քայլերի ժամանակը չէ»։