Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի գործով տուժողին կալանավորեցին. մեղմացնո՞ւմ են պատգամավորի փեսայի արարքը (տեսանյութ)

Հասարակություն
vernisaj1

Հիվանդանոցից կալանավայր. այս ճակատագրին արժանացավ Վերնիսաժի հարեւանությամբ մայիսի 17-ին հնչած կրակոցներից տուժած Ներսես Մելքոնյանը; Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը՝ 2 ամիս ժամանակով։ Նրա պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը, բողոքարկելու է դատարանի որոշումը; Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ «Մեզ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում մեղադրանքը, եւ ես հետագայում կհերքեմ»,- «Ա1+»-ին ասաց Վարդուհի Էլբակյանը։ Փաստաբանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ուղարկել կալանավայր, նա պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ. «Նրան 4 անգամ տեղափոխել են առաջին համալսարանական հիվանդանոց, ստացել է բուժում, նորից հետ են տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր եւ շտապ օգնության մեքենան հերթապահելիս է եղել»։ Վարդուհի Էլբակյանը ենթադրում է, որ 4 հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելը նպատակ է հետապնդում մեղմացնել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի արարքը։ Հենց նա էլ կրակոցներ արձակողն էր։ «Եթե պատգամավորի փեսա չլիներ, կարծում եմ, շատ բան այլ կերպ կլիներ, կարող է եւ այս դեպքն էլ չլիներ»,-ասաց նա։ Փաստաբան Էլբակյանը շուտով հանրությանը եւ դատարանին կներկայացնի Ներսես Մելքոնյանի կենսագրությունը, հայրենիքին մատուցած ծառայությունները եւ բոլորը կհասկանան, թե ում հետ գործ ունեն։ Նախաքննական նյութերով՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ 29 ամյա Գոռ Առաքելյանը, վիճաբանել է Ներսես Մելքոնյանի եւ նրա ընկերոջ՝ Վալերի Մովսիսյանի հետ։ Արդյունքում 5 անձ հրազենային վնասվածքներ է ստացել։ Գոռ Առաքելյանը եւս կալանավորված է։ Նա մեղադրվում խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու համար: Իսկ վիճաբանության մասնակից, հրազենային վնասվածք ստացած Վալերի Մովսիսյանը դեռ հիվանդանոցում է։