«Հարսնաքարի» գործում 2 կողմն էլ դժգոհ է առաջին ատյանի դատարանի վճռից (տեսանյութ)
Ի՞նչ հանգամանքներում եւ ու՞մ կողմից են 2012թ. հունիսի 17-ին ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվել 4 ռազմական բժիշկները, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, զրկվեց կյանքից։ Այս հարցին անդրադառնալու հերթը հասել է Վերաքննիչ դատարանին։ Այսօր գործով առաջին նիստն էր։ Թե տուժող կողմը եւ թե ամբաստանյալները դժգոհ էին առաջին ատյանի դատարանի վճռից, որով բոլոր 6 ամբաստանյալները, ովքեր ռեստորանային համալիրի աշխատակիցներ էին՝ ազատազրկման են դատապարտվել 12 տարի ժամանակով։ Այսօրվա դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Նա խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի՝ պատճառաբանելով, թե շատ զբաղված է։ Իսկ ամբաստանյալ Արման Խաչատրյանը պաշտպան չուներ։ Նախկին պաշտպանից վերջինս հրաժարվել է։ Գարիկ Մարգարյանի եւ Դավիթ Ադամյանի պաշտպան Մարինե Թովմասյանն այսօր վերաքննիչ դատարանում նշեց, որ դատավորի կայացրած դատական ակտից ոչ մի բան չի հասկացել եւ մանրամասն ներկայացրեց գործում առկա բացերը։ Իսկ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը շարունակում է պնդել, որ գործում իր պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ հանգամանք գոյություն չունի. «Արման Բաղդասարյանի մեղքը կայացել է նրանում, որ հանդիսացել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատող։ Արման Բաղդասարյանի եւ, այդ թվում նաեւ՝ Արման Խաչատրյանի գործողություններում որեւէ հանցակազմ չի հիմնավորվել»։ Իսկ Ամբաստանյալների հարազատները պահանջում են յուրաքանչյուրին դատել իր արածին համարժեք։