Անաստաս Միկոյանի արձանը կտեղադրվի (տեսանյութ)
Երեւանի ավագանու անդամներն այլեւս չեն կարող ազդել Խորհրդային միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցի վրա: Որոշումն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։ «Բոլորս եկանք այն եզրակացության, որ կես ճանապարհից չի կարելի գնահատական տալ եւ այն բոլոր հարցադրումները, հասարակության մեջ այն ընդվզումները, մեր ավագանու հանձնաժողովի լիազորությունների մեջ չէ»,-ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ Թամար Պողոսյանը։ Երեւանի ավագանին նախորդ նիստում Միկոյանի արձանի տեղադրման առաջարկին դեմ էին քվեարկել «Բարեւ Երեւան» խմբակցության բոլոր անդամները։ Իսկ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոլոր անդամները կողմ էին, բացառությամբ Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի: Նա նշել էր, որ Միկոյանի վարած քաղաքականությունը ի նպաստ հայ ժողովրդի չի եղել։ Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանի խոսքով՝ Հայկ Դեմոյանը բավարար ապացույցներ չի ներկայացրել եւ հանրապետական խմբակցության անդամները իրենց որոշումը կայացրել են նրա կարծիքը լսելուց հետո. «Ոչ թե Դեմոյանը քվեարկությունից հետո է ներկայացրել իր կարծիքը, հիմնավորումը, այլ քվեարկությունից առաջ»։ Երեւանի ավագանին որոշել է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը։ Ի դեպ. այսօրվա նիստը տեղի ունեցավ փակ դռների հետեւում։ Ավագանու Մշակույթի հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանը քննարկմանը լրագրողների մասնակցությունը նպատակահարմար չգտավ: