Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներին դատում են (տեսանյութ)

Հասարակություն
dat

Երեւանի Մետրոպոլիտենի տնօրինության կողմից ամիսներ առաջ ազատված եւ այսօր աշխատանք չունեցող երեք աշխատակիցների գործով դատական առաջին նիստն այսօր լսվեց Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում։ Ներկա էին եւ հայցվոր կողմի ներկայացուցիչները, եւ պատասխանող։ Հայցվոր կողմի պահանջը ներկայացրեց փաստաբան Քրիստինա Գեւորգյանը` «Անվավեր ճանաչել հայցվոր կողմի երեք ներկայացուցիչների աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար»։ Դատարանում Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը հայտնեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, իսկ եթե պնդում են հակառակը, ապա պետք է ապացուցեն: Դատավորի հորդորով նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում պարտականությունները պատշաճ չկատարել. «Սովորաբար մեքենայի տեխնիկական վիճակն է ստուգվում, որի մասին գրառումներ պետք է արվեր գրանցամատյանում, որոնք բացակել են, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք թույլ են տվել հայցվորները: Մեքենախցիկում գտնվել են մարդիկ, որոնք իրավունք չունեին այդտեղ լինել»,-նշեց Արտակ Երեմյանը: Դատավորը փորձեց մի շարք հարցերի միջոցով պարզել, թե հայցվորների խախտումներն ինչում են կայանում, որը նրա մոտ այդպես էլ չստացվեց։ Իսկ հայցվոր Անդրանիկ Գևորգյանը պարզաբանեց, որ եթե գրանցամատյանում գրառում չեն կատարում, ապա միևնույնն է` տեղադրված են ձայնագրման սարքեր և իրենց յուրաքանչյուրը բառը ձայնագրվում է: Իր ասվածի վերաբերյալ փաստարկներ հայցվորը կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 15.00-ին։ Նշենք, որ հայցվոր կողմի ներկայացուցիչներն են՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը։ Դատական գործը քննում է դատավոր Սիմիզար Հովսեփյանը: