Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու ենք Կոմիտաս լսում միայն ապրիլի 24-ին (տեսանյութ)

Հասարակություն
nkar2

Հայաստանում այսօր մշակութային ինտերվենցիա է իրականացվում, որը ցեղասպանության հիմքն ՝ համոզված է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը. «Տեղի է ունենում հայկական մշակույթի բռնազավթում: Թուրքիան, Ադրբեջանը մեզ տնտեսապես շրջափակել են, ու պետք է տգետ լինել, չհասկանալու համար, որ նրանք ֆինանսական ներդրումներ են անում հայկական մշակույթը ոչնչացնելու համար»։ Պարոն Գինոսյանը ցավով է նշում, որ այսօր անհասկանալի մշակույթ կրող երիտասարդներն ասպարեզում ավելի տեղ ունեն, քան Կոմիտասն ու Եկմալյանը. «Պետությունը չի ֆինանսավորում մշակույթի ոլորտը, բայց չի էլ դիմակայում, որ մշակույթը չսնվի օտար աղբյուրներից։ Շատ ցավալի է, երբ ինչ-որ անհասկանալի աղջիկներ Երեւանի տոնին երգում են «Մամա Լյուբա», իսկ կաթողիկոսն ու նախագահը ծափահարում են իրենց»։ «Այսօր մշակութային կամ անարյուն ցեղասպանությունը խնդիր է, որը ծառացած է բոլոր ժողովուրդների, հատկապես փոքրաթիվ ժողովուրդ ունեցող ազգերի առաջ»,- մտահոգությամբ ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը. «Գլոբալիզացիան աղետ է, խնդիր ինքնուրույն մշակույթ ունեցող բոլոր ժողովուրդների համար։ Ենթադրվում էր, որ աշխարհը կհակազդի այդ վարդապետությանը, սակայն միայն Իրանը հանդես եկավ հակազդող գաղափարախոսությամբ, որ յուրաքանչյուր մշակույթ իրավունք ունի զարգանալ, տարածվել, մինչդեռ գլոբալիզացիայի հիմքում ընկած է այն գաղափարախոսությունը, որ աշխարհի բոլոր արհավիրքների, պատերազմների, ցեղասպանության պատճառը մշակույթների տարբերությունն է»։ Ըստ արվեստագետի՝ գլոբալիզացիայի նպատակն է բոլոր մշակույթները խառնել մեկ՝ արևմտյան մշակույթի տակ. «Այս գաղափարախոսության հեղինակը, բնականաբար, պետք է լիներ այնպիսի մի երկիր, որ չունի տոհմիկ մշակույթ, մշակութային ավանդույթներ՝ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են »,- նշեց նա։ Պարոն Վարդանյանն արձանագրում է նաեւ, որ ազգի պահպանման հիմնարար առաջնային գործոններից են լեզուն, մշակույթը, գրականությունն ու պատմությունը, ու ցավով ավելացրեց, որ այդ հիմնարար գործոններից յուրաքանչյուրն այսօր խոցելի է դարձել. «Մենք ինքներս էլ ենք կեղծում մեր մշակույթը»։ Գագիկ Գինոսյանը համաձայնելով նրա հետ հավելեց, որ այսօր հայ երիտասարդներին Կոմիտասի երաժշտությունը հրամցնելու փոխարեն անհասկանալի ծագումնաբանությամբ ու տեքստերով երգեր են սովորեցնում. «Այսօր հեռուստացույցով մենք Կոմիտաս լսում ենք միայն տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին, իսկ մյուս օրերին չգիտես ինչեր են»։ Նա ասում է, որ Կոմիտասը այսօր երիտասարդներին ներկայացվում է «Պռե Գոմեշի» տեսքով, որը, ըստ Գագիկ Գինոսյանի Կոմիտաս համարվել չի կարող։