Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի հորդորը՝ «ԴԵՄ ԵՄ»-ին. գրառումն անհետացավ (լրացված)

Կարևոր լուրեր Հասարակություն
dem-em

«Հարութ ջան, որպեսզի հակազդես մեր ապօրինություններին, պարտադիր չէ, որ գաս այս միտինգին, տեղս լավ գիտես, քեզ հետ էլ հո միշտ կարող եմ հանդիպել»: Նման գրառում էր երեկ հայտնվել Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում` Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից: Գրառումը կատարվել էր նախաձեռնության` վաղը Ֆինանսների նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիայի մասին հայտարարության տակ` ակցիային մասնակցել ցանկացող օգտատերերից մեկի հայտի հաստատման հաղորդագրության տակ: Առավոտյան գրառումն այլեւս չկար, սակայն նախաձեռնության անդամներից մեկը հասցրել էր այն ֆիքսել: «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա ցույց է տալիս, որ նախարարը հետեւում է իրենց շարժմանը. «Ու հատկապես իրենց իրականացրած ճնշումների դեմ ուղղված մեր ակցիային: Դա լավ է. իրենց սթափ կպահի։ Պարոն Սարգսյանի մեկնաբանությունից երեւում է, որ մարդկանց ազատ գործելու ու կարծիք արտահայտելու վրա ազդելը դարձել է վատ սովորություն»։ Ըստ Սեւակ Ծատուրյանի` պարոն նախարարը միգուցե չգիտեր` իր գրած լատինատառ մեկնաբանությունը հասանելի է լինելու բոլորին. «Քանի որ երբ տարածվեց մեկնաբանությունը, ապա ակցիայի մասնակցության հայտի հաստատման հաղորդագրությունը հեռացվեց»։ Իսկ ի՞նչ սպասելիքներ կան վաղը Ֆինանսների նախարարության մոտ անցկացվելիք ակցիայից, արդյոք հնարավոր կլինի՞ ստիպել նախարարությանը հետ կանգնել իր ճնշումներից: «Մեր սպասելիքներն այն են, որ Ֆինանսների նախարարությունը կդադարեցնի ուղղակի եւ անուղղակի ճնշումները գործատուների վրա, որորվհետեւ մենք ստանում ենք բազում նամակներ մարդկանցից, ովքեր հայտնում են իրենց վրա եղած ճնշումների մասին, բայց ելնելով հանգամանքներից վախենում են բարձրաձայնել դրանց մասին»,- նկատեց Սեւակ Ծատուրյանը: Ի դեպ, ակցիայի նպատակն է` բողոք եւ անհամաձայնություն հայտնել նախարարության գործողությունների կապակցությամբ, այն է` գործատուների ու հաշվապահների վրա գործադրվող ճնշումները, երբ ստիպում են նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաեւ` ստիպում աշխատողներին` ընտրել ֆոնդեր եւ կառավարիչներ: Այս հարցով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ֆինանսների նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարար Սարգսյանն ընդամենը հումորով մեկնաբանել է իր եղբոր հաղորդագրությունը եւ զարմանալի է, որ նախաձեռնության անդամները կարող էին այդ մեկնաբանությունն այդքան լուրջ ընդունել ու անհարկի շահարկել: Ի դեպ, գրառումը հանել է հենց նախարարի եղբայրը։ dem em1