Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները կխանգարեին գազի հանձնաժողովի աշխատանքներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6707c36695871747ba17ec60e652d78d

Գազի ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա առաջին նիստից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը համոզվեց, որ նիստը պետք է լիներ դռնփակ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես այդ կարծիքին է. «Եթե լրագրողների մասսա լիներ այստեղ, մենք երեւի հինգ ժամում էս գործը կանեինք»։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Արամ Մանուկյանը իշխանության ներկայացուցիչների մոտ առաջին քննարկումից հետո տեսնում է ճշմարտությունը բացահայտելու ցանկություն. «Ոչ թե ես նրանց հավատում եմ, ոչ թե վստահում եմ, այլ դժվար է թաքցնել այն, ինչ կա։ Կա բարձր գին, կա կուտակված պարտք, կան ապօրինություններ, դրանք բացահայտելը, ես կարծում եմ, հեշտ է»։ «Եթե չբացահայտվի գազի սակագնի ամբողջ կեղծիքը, ինչի՞ համար է հանձնաժողովը»,-հարցնում է Արամ Մանուկյանը։ Վերջինս գիտի ամբողջ ճշմարտությունը, թե ինչու է գազի սակագինը բարձր, ինչպես է ձեւավորվել 300 միլիոն դոլար պարտքը, հանձնաժողովը նրան չի կարող օգնել իմանալ ավելին՝ «Իրենց «Գազպրոմի» ղեկավարը կամ էս գինը նշանակողը գա էստեղ, չի կարող այնպիսի հակափաստարկներ բերի, որ չբացահայտի իրականությունը»։ Դավիթ Հարությունյանը կարող է բերել համապատասխան հակափաստարկներ, ծանր բանակցությունների արդյունք է գազի ներկա սակագինը. «Եթե հաշվարկվեր դասական մեթոդաբանությամբ, այն կարող էր շատ ավելի բարձր լինել»։ Իսկ միգուցե պետք է ծափահարե՞լ իշխանություններին, որոնք թույլ չեն տվել, որ սակագինն ավելի բարձրանա. հարցնում է պարոն Հարությունյանը։ Ինչի՞ հաշվին թույլ չեն տվել, որ բարձրանա, դեռ կքննարկեն. «Խնդիրը հետեւյալն է՝ հաջողվե՞ց սպառողի համար պահպանել ողջամիտ սակագին՝ այո, հաջողվեց։ Դա դրական է, թե ոչ։ Իհարկե դրական է»։ Բոլոր հարցերը կունենան իրենց պատասխանը։ Եվ ժամանակավոր հանձնաժողովի անդամները, պարոն Հարությունյանը հույս ունի, ոչ մի տարաձայնություն չեն ունենա վերջնական եզրակացության մասով։ Հաջորդ նիստը նախատեսվում է երկու օր հետո։