Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը դժգոհում են. «Թղթաբանությունն այստեղ շատ է» (տեսանյութ)

Տնտեսություն
128fcfa1f07feb79ef91463a540c5fa8

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստին այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաեւ սիրիահայ գործարարները։ Հայրենիքում իրենց սեփական արտադրությունն սկսած մեր հայրենակիցները խոստովանում են՝ Սիրիայում ու Հայաստանում Մրցակցային տարբերությունները շատ են։ Սիրիական շուկան ավելի մեծ էր, բայց խոչընդոտներն ավելի քիչ։ Սիրիահայ գործարարները նեղսրտում են՝ թղթաբանությունը Հայաստանում այնքան շատ է, որ նրանք նախընտրում են առեւտրով զբաղվել, ոչ թե արտադրությամբ։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցնում է՝ սիրիահայերի հարցերը անպատասխան չեն մնա։ Կաջակցեն` իրենց իրավասության սահմաններում. «Մեր հանձնաժողովի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի թույլ չտանք խոշոր ընկերություններին իրենց մրցակցային առավելությունից օգտվելով՝ չարաշահումներ իրականացնեն, մենք վերահսկում ենք, բայց կարեւոր է նաեւ, որ իրենք տարբերակված չլինեն մյուս ընկերությունների նկատմամբ»։ Նիստին ներկա մասնակիցներին հետաքրքրող հարցերից էր նաեւ մանրածախ առեւտրի ոլորտի խոշորացումից հետո մրցակցության ապահովումը։ Արտակ Շաբոյանը կարծում է` խոշոր խանութներն ավելի կենտրոնացված են ու հարմարավետ։ Օբյեկտիվորեն դրանք ունեն մրցակցային առավելություն. «Շատ ժամանակ իրենց առավելությունները օգտագործելով՝ տարբերակված մոտեցում են ցուցաբերում իրենց մատակարարի նկատմամբ, տարբեր պայմաններ են առաջարկում, եւ մատակարարներն էլ կողմնապահություն են անում»։ Գերիշխող դիրք ունեցող այդ սուպերմարկետները, սակայն, Արտակ Շաբոյանի վստահեցմամբ՝ արդեն գտնվում են ՏՄՊՊՀ-ի խոշորացույցի ներքո։