Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցում չեն ընդունել 9 ամսեկան հիվանդ երեխային

Հասարակություն
Dumanyan

Երևանի Քանաքեռ համայնքի բնակիչ Իվան Պողոսբեկյանը դիմել է մեզ՝ բարձրաձայնելով «Արաբկիր» բժշկական կենտրոնում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Նրա խոսքերով՝ իր թոքաբորբով հիվանդ 9 ամսեկան երեխային 2 օր առաջ տարել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն։ «Դեղերի մի հատ ցանկ տվեցին, ասեցին որ առնեմ բուժեմ։ Շատ թանկ դեղեր են և ես չեմ կարող դրանք գնել»։ Քաղաքացուն նույնիսկ այլ հիվանդանոց չեն ուղարկել, միայն դեղեր են նշանակել և ուղարկել տուն։ Կառավարության այսօրվա նիստից հետո Իվանը մոտեցել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ներկայացրել խնդիրը։ Նախարարը վերցրել է քաղաքացու կոնտակտային տվյալները և խոստացել. «Ձեզ կզանգահարեն՝ այս հարցը կկարգավորեն»։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Իվան Պողոսբեկյանը նշեց, որ առողջապահության նախարարությունից իրոք կապվել են իր հետ, սակայն փաստեց, որ նախարարը խնդիրը սխալ է հասկացել. «Ինձ ասացին, որ պոլիկլինիկան կզբաղվի այդ հարցով, բայց իմ խնդիրը պոլիկլինիկայի հետ չի, իմ խնդիրը «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ է։ «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժշկական գծով տնօրեն Նինա Արիկյանցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Իվան Պողոսբեկյանը երեկոյան ժամը 6-ի սահմաններում երկու երեխա է բերել կենտրոն՝ որոնցից մեկը 9 ամսեկան էր, մյուսը՝ 4։ «Հերթապահ բժիշկը երկուսին էլ հետազոտել է։ Մեծը ջերմություն չուներ, իսկ փոքրն ուներ 37.3 ջերմություն, սակայն չուներ հոսպիտալացման կարիք»։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքացին պնդում, որ 9 ամսեկան երեխան թոքաբորբով է հիվանդ, տիկին Նինան պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Ես չգիտեմ, թե նա դա որտեղից է ենթադրել, բայց կարող եմ ասել, որ հետազոտման արդյունքում պարզ է դարձել, որ երեխան կարող է տնային պայմաններում էլ բուժվել»։